Շոկոլադ, ծաղկեպսակ և կես միլիոնի կոնյակ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սևանի քաղաքապետարանը վերջերս 2017 թ. գնումների փոփոխված պլան է ներկայացրել: Պարզվում է՝ Սևանի քաղաքապետարանում պլանավորում են նաև հուղարկավորությունները:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը 2017 թ. գնումների փոփոխված պլանի համաձայն՝ ծաղիկների հետ նախատեսում է նաև ծաղկեպսակներ գնել: Ի դեպ՝ ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու համար կառույցը նախատեսում է 250 հազար դրամ ծախսել:
Սևանի քաղաքապետարանի զավեշտի սահմանը ծաղկեպսակներով չի սահմանափակվում: Նախատեսվելիք մահվանը գալիս է փոխարինելու ուրախությունը: Էլ ի՞նչ ծաղիկ, առանց շոկոլադ: 20 կգ շոկոլադ կգնեն, որի 1 կգ–ն արժե 5000 դրամ: Ընդհանուր առմամբ շոկոլադ գնելու համար կառույցը 100 հազար դրամ կծախսի:
Կառավարության հայտարարած ծախսերի կտրուկ նվազեցման ֆոնին Սևանի քաղաքապետարանը պլանավորել է նաև կոնյակներ գնել:
Այսպես՝ 5 տարվա հնեցման կոնյակներ գնելու համար կծախսվի 288000 ՀՀ դրամ: 10 տարվա հնեցման կոնյակներ էլ են գնելու, որոնց համար կծախսվի 125000 ՀՀ դրամ:
Իսկ 15 տարվա կոնյակ ձեռք բերելու հարցում ուտել–խմելու ավանդույթներով առանձնացող մարզի քաղաքապետարանը «տնտեսել» է: 15 տարի հնեցման երկու կոնյակ են գնելու, յուրաքանչյուրի գինը՝ 47450 դրամ է: Միայն այդ կոնյակների վրա 94900 ՀՀ դրամ կծախսեն:
Ընդհանուր հաշվով՝ կոնյակների վրա քաղաքապետարանը 507900 ՀՀ դրամ կծախսի:
Հավելենք, որ Սևանի քաղաքապետը Սարգիս Մուրադյանն է, ով ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում