«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնաց նվեր չեմ ստացել.համաշխարհային հիթի հեղինակ
Armtimes.com-ը գրում է.
Հայաստանում ու աշխարհում մեծ ճանաչում գտած, Սուպեր Սաքոյի եւ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը յութուբյան պաշտոնական էջում 100 միլիոնից ավելի դիտում ունի (հոլովակը յութուբում տեղադրվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին): Երգի հեղինակ Արտակ Արամյանի խոսքով՝ նման դիտելիություն նման ժամանակահատվածում Հայաստանի պատմության մեջ դեռեւս չի արձանագրվել: Armtimes.com-ը զրուցել է երգի հեղինակ, վանաձորցի Արտակ Արամյանի հետ
- Արտակ, ինչպե՞ս ծնվեց «Մի գնա» երգը:
- Երգը ծնվել է 6 տարի առաջ: Այն ժամանակ ես ինքս, փնտրեցի Սուպեր Սաքոյին, որ ինքը կյանքի կոչի, սակայն այնպես ստացվեց, որ կապ չհաստատվեց, հետո «բարի մարդիկ» խանգարեցին…Երգը ես երգեցի, բայց ոչ պրոֆեսիոնալ գործիքավորումով ու 2013թ-ին տեղադրեցի համացանցում: ՌԴ-ից ընկերս խնդրեց, որ երգի, թույլատրեցի, հետո իմ լավագույն երգերի կատարող, սիրված երգիչ Արսեն Հայրապետյանը ցանկացավ երգել, էլի թույլատրեցի: Ու մի օր Սուպեր Սաքոն ֆեյսբուքյան իմ էջին գրեց ու խնդրեց թույլատրել, որ ինքը երգի: Ես, բնականաբար, թույլատրեցի, քանի որ ի սկզբանե երգը գրել էի նրա համար: Չմերժեցի, պրեմիերան արվեց 2016թ-ի օգոստոսին՝ Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի կատարմամբ:
- Նման արդյունքի սպասու՞մ էիք:
- Որ նման բուռն արձագանք կստանար ու անգամ այն պետությունների կողմից, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք, չէի սպասի…անգամ նման մի պետությունում որոշել են այս երգը տարվա հիթ ճանաչել: Ես ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված էլ երգ ունեմ 4 լեզվով…Ես տխուր չեմ, որ Թուրքիայում լսում են այս երգը… Հպարտ եմ, որ նմանատիպ պետություններն են փաստում, որ այս երգը հայկական երգ է: Ես հպարտ եմ, որ այս երգը իմ ստեղծածն է:
- Ի՞նչ փոխեց «Մի գնա» երգը Ձեր կյանքում:
- Նախ լավ ու դրական էմոցիաներ տվեց ինձ, ստեղծագորելու եւս մեկ ուժ տվեց ինձ: Ցանկացած ստեղծագործողի համար ցանկացած արձանագրած հաջողություն նոր ուժ է…
- Ի՞նչ պլաններ կան ապագայում:
Ես պլանավորված չեմ ապրում, տեսնենք, թե ոնց կլինի: Խոսակցություններ են շրջանառվում, թե այս երգից հետո ինձ շքեղ առանձնատուն ու ամենագնաց են նվիրել, բայց դրանք հերհյուրանքներ են: Ինչ գնով, որ երգը վաճառել եմ երգիչների վրա, «Մի գնա»-ից հետո որեւէ փոփոխություն չեմ արել, մինչեւ «Մի գնա»-ն ոնց ապրել եմ, այդպես էլ հիմա եմ ապրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում