Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»
2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը, գրում է «Հետք»-ը:
«Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է: «Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է:
Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է»,– գրում է կայքը: