Ահաբեկչություն է կանխվել․ ձերբակալվել է 16-ամյա դեռահաս
Ֆրանսիական հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել։ Ձերբակալվել է 16-ամյա դեռահաս։ Վերջինս կասկածվում է ահաբեկչական բռնարարքի կազմակերպման մեջ։ Այս մասին հայտնում է Le Figaro պարբերականը։ Դեռահասը ձերբակալվել է նոյեմբերի հինգին, իսկ նոյեմբերի ութին՝ Ազգային հակա-ահաբեկչական դատախազությունը ներկայացրել է մեղադրանք՝ ահաբեկչական տրամադրություններ ունեցող հանցախմբի գործունեությանը մասնակցություն ունենալու համար։ Խուզարկության ժամանակ դեռահասի մոտ հայտնաբերվել է դանակ եւ հրազեն։
Քննության վարկածի համաձայն, դեռահասը գտնվել է արմատական իսլամիստական գաղափարների ազդեցության ներքո։ Նա սոցկայքերում ակտիվորեն հաղորդակցվել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչների հետ, դիտել այդ խմբավորման տեսանյութերը։ Ուշագրավ է այն, որ անցյալ տարի այս ժամանակահատվածում եւս այդ շրջանում ահաբեկչություն է կանխվել։