Լոռու մարզպետը` քրեական հեղինակությունների պարագլուխ լինելու մասին. ի՞նչ կապ ունի նա Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների հետ
Armlur.am-ը գրում է.
Վերջին շրջանում Հայաստանում սպանությունների և քրեական հանցագործությունների մասին լուրերին տեղ ու դադար չկա: Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջեւ զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում:
Երեկ՝ օրը ցերեկով, Երեւանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի եւ Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարեւանությամբ, կրակում էին: Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը: 2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին:
Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:
ArmLur.am-ը քիչ առաջ զրուցեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ` հասկանալու համար ինչքանով է նա առնչվում կատարվածին:
-Պարո′ն Նալբանդյան, Վահագն Աբգարյանին կապում են Ձեզ հետ: Ըստ հրապարակումների` Դուք նույն թիմում եք գործել ընտրություններին: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
-Ես ծանոթ եմ հրապարակումներին: Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես Լոռու մարզպետն են: Կիլլեր չունեմ և կիլլեր ունենալու մտադրություն չունեմ: Ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի: Եթե լրագրողը զանգում է մարզպետին, իսկ մարզպետը զբաղված է, նման բան պետք չէ գրել:
Ինչ վերաբերում է Ալավերդի քաղաքին. ես ոչ միայն Աբգարյան Վահագնին, այլև բոլորին եմ ճանաչում: Դա փոքր քաղաք է, մի ընտանիք է: Ես բացի նոր սերնդից, գրեթե բոլորին ճանաչում եմ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում