Տոնոյանն իր բժշկական կենտրոնի շենքը կստանա կես գնով՝ խոստանալով ներդրումներ անել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը որոշել է թույլատրել Պետական գույքի կառավարման վարչությանը վաճառել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված շենքը, որը գտնվում է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց 2–րդ նրբանցք 23 հասցեում և զբաղեցնում է 1253,5 քառակուսի մետր մակերես: Վաճառքի մեջ է ներառված նաև դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,07966 հեկտար մակերեսով հողամասը: Այս մասին որոշման նախագիծը հինգշաբթի կայանալիք կառավարության նիստին կներկայացնի Պետգույքի կառավարման վարչության ղեկավար Արման Սահակյանը:
Ըստ նախագծի՝ շենքն ու դրան հարակից այգին ուղղակի վաճառքի ձևով կօտարվի Տարոն Տոնոյանին՝ համաձայն իր կողմից ներկայացված բիզնես ծրագրի՝ բժշկական կենտրոն կառուցելու նպատակով:
Եվ որն ամենահետաքրքիրն է Տոնոյանը շենքը կգնի, այսպես ասած, 50% զեղչով: Բանն այն է, որ գույքի գնահատված արժեքը կազմում է 33 միլիոն 684 հազար 949 դրամ, սակայն ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կկազմի կրկնակի պակաս՝ 16 միլիոն 842 հազար 475 դրամ: Տոնոյանը նաև պարտավոր է վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,07966 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 5 միլիոն դրամից մի փոքր ավելի:
Ըստ նախագծի՝ Պետական գույքի կառավարման վարչությունը քաղաքացի Տոնոյանին առաջարկել է գույքը ձեռք բերել գնահատված արժեքով, ի պատասխան որի վերջինս հայտնել է, թե նշված գույքը ձեռք բերելու համար պատրաստ է վճարել գույքի գնահատված արժեքի 50%–ը, հողամասի 5 միլիոն 544 հազար դրամ կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 120 հազար դրամ գումարը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով գույքը ձեռք բերելու դեպքում շենքի բարեկարգման, վերազինման և նոր բժշկական կենտրոն կառուցելու նպատակով 2 տարվա ընթացքում իրականացնել 70 միլիոն դրամի ներդրում, որից առաջին տարում 45 միլիոն, իսկ երկրորդ տարում՝ 25 միլիոն դրամ:
Միևնույն ժամանակ, նախագծում ասված է, որ գնորդը գույքի վաճառքի գինը պարտավոր է վճարել եռամսյա ժամկետում՝ 70%–ն ուղղելով պետական բյուջե, իսկ 30–ը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի: Հողամասի կադաստրային արժեքն էլ կվճարվի «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հավելենք, որ նշված շենքը կառուցվել է 1974 թ. և շուրջ 15 տարի չի շահագործվել: Նախագծի հեղինակները համոզված են, որ շենքը գնելու և նոր բժշկական կենտրոն կառուցելու դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կառաջանան հարկային պարտավորություններ, որի արդյունքում ևս ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքեր կապահովվեն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում