«Հայաստանը ես եմ». նոր նախաձեռնությունն արդյունավետ ծրագիր կներկայացնի
Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ նոր նախաձեռնություններ, քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ, որոնք իրենց առջև խնդիր են դնում արատավոր երևույթների դեմ պայքարը, երկրի բացասական ընթացքը կանգնեցնելը, զարգացման նոր ու արդյունավետ ուղի ընտրելը։ Կարևորը, սակայն, ոչ թե քանակն է այլ որակը։ Ցանկացած նախաձեռնություն հաջողելու հնարավորություն ունի, եթե կա հստակ պատկերացում, հայեցակարգ, հռչակած նպատակներն իրականացնելու ձգտում և համապատասխան հմտություններ։
Երևանում տեղի է ունեցել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը: Այս նախաձեռնությունը եզակի է նրանով, որ հավաքված են իրենց ոլորտներում առաջատար դիրքեր զբաղեցնող մարդիկ, որոնք հանրությանը հայտնի են իրենց անձնային որակներով, կրթությամբ, կատարած աշխատանքով նաև քաղաքական անկաշառ սկզբունքներով։
Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև և այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավվի, խոչընդոտի և կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը:
«Հայաստանը ես եմ»-ը անհատական և խմբային պատասխանատվություն է»,- հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Նրան հանրությունը ճանաչում է թե՛ որպես ոլորտի առաջատար մասնագետ, թե՛ որպես լավ տնտեսագետ, ում վերլուծություններն ու կանխատեսումները որևէ մեկը չի էլ փորձել հերքել։
Ըստ Նաիրի Սարգսյանի, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներնն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական և հոգևոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը: «Մեր նպատակներն են՝ դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը, պայմաններ ստեղծել պետության անվտանգության և կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ և արժանապատիվ կյանքի համար»,- նշել է նա:
Նախաձեռնությունն առաջիկայում գործողությունների բավական լուրջ ծրագիր է ներկայացնելու, մանրամասն անդրադառնալու է իրավիճակը շտկելու հնարավորություններին, տալու է լուծումներ։ Միայն այսպիսի նախաձեռնություններով է հնարավոր բեկել Հայաստանի ներկա սխալ ընթացքը։
Մարգարիտա Ավետյան