Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Թրամփին. Կրեմլ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջոցով որևէ նամակ չի փոխանցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ մի նամակ կամ հաղորդագրություն չի փոխանցվել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ Օրբանը Պուտինին չի տեղեկացրել Թրամփի հետ հանդիպման պլանների մասին:
Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետը հանդիպել է Թրամփի հետ և քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել էր X սոցիալական ցանցում։
«Պատիվ էր այսօր այցելել նախագահ Դոնալդ Թրամփին Մար-ա-Լագոյում: Մենք քննարկել ենք խաղաղության հասնելու ուղիները»,- ասել էր Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հավելել էր, որ Թրամփի վերընտրվելու դեպքում «այս խնդիրը կլուծվի», ինչը, ըստ Օրբանի, «լավ նորություն է»։
Օրբանն ամերիկացի նախկին առաջնորդի հետ իր հանդիպումը անվանել էր «խաղաղության առաքելություն»։ Վերջին օրերին Օրբանն իր խաղաղարար առաքելությամբ այցելել էր Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան՝ փորձելով ռուս-ուկրաինական հակամարտության համար լուծում գտնել: