Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում
Մինչ Տավուշում օրեր շարունակ տեղի բնակիչները և Երևանից նրանց օգնության գնացած հանրային ու քաղաքական գործիչները, շարքային քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիաները՝ փակ պահելով միջպետական ճանապարհի հատվածը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընթանում է ողջ թափով։
Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր սահմանին մեկ սյուն տնկելու մասին, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարերլ է, թե արդեն սահմանազատվել է մոտ 12 կմ տարածք, ընդ որում, Ալիևը ուրախությամբ նշում է, որ երկու կողմից էլ այդ առումով կա կառուցողական մոտեցում։ Խաղաղության դարաշրջանի փաշինյանական հայտարարություններն, իհարկե, ընդամենը վաղուց արդեն ներքին սպառման համար են, ինքը՝ Փաշինյանն էլ չի կարողանում երաշխիք տալ՝ արդյո՞ք Տավուշում սահմանազատում անելով, ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելով և Հայաստանից հողեր տալով՝ կկարողանա ապահովել խաղաղություն:
Ադրբեջանի ախորժակը կրկին բացվում և նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, այդ թվում՝ սահմանադրության փոփոխության, ազգային զինանշանից Արարատի հեռացման և այլ անիրականանալի պահանջներ, այդ կերպ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հող ստեղծել նոր ռազմական էսկալացիայի համար, իսկ Տավուշի մարզում ռազմավարական դիրքեր զբաղեցնելը Նիկոլ Փաշինյանի անմիջական թույլտվությամբ, վկայում է, որ Ադրբեջանը ոչ թե իրականում սահմանազատում է իրականացնում, այլ իր դիրքերն է ամրապնդում սպասվող նոր հարձակմանն ընդառաջ։
Հայաստանի գործող իշխանությունները, որ 44-օրյա պատերազմից հետո ձախողել են Հայկական բանակի բարեփոխումներն ու վերազինումը, այժմ էլ սպասարկում են թշնամու շահերը։ Հասկանո՞ւմ են արդյոք հանրութունն ու ընդդիմադիր ուժերը այս հանգամանքը, թերևս՝ այո, բայց քայլեր՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, բավարար չափով չեն արվում։
Մերի Աբովյան