Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գեղակերտ գյուղի բնակիչ, 62-ամյա Ներսես Ալեքսանյանն է։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Պարզվել է, որ Ն․ Ալեքսանյանը հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի անդամների ուղեկցությամբ, իսկ արդեն դեպքի վայրում՝ Թումանյան փողոցի տներից մեկում, հայտնաբերվում են արնանման հետքեր։ Պարզվել է նաև, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի որդին՝ 38-ամյա Վահե Ալեքսանյանը, խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել հոր կրծքավանդակի շրջանին, ինչից հետո տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին այն մասին, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են հարևան գյուղում, ինչից հետո վնասազերծել ու տեղափոխել են Ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կասկածյալը ոստիկանության Վաղարշապատի բաժնից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։