Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

«Ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք». Արմեն Քարամյանն անմահացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շարժուն էր, աշխույժ, չափից դուրս անկարգ: Մանկապարտեզից մինչև դպրոց անկարգություն է արել: Սովորել չէր սիրում, իրենը սպորտն էր: Մի քիչ ֆուտբոլ, մի քիչ կարատե, չէր սիրում մի տեղում երկար մնալ: Ուզում էր ամեն ինչից սովորել: Երկուերեք ամիս գնում էր պարապմունքների և ասում՝ սա ինձ բավարար է: Մտածում էինք, որ բանակում էլ մի քանի ամիս ծառայելուց հետո կասի, թե էլ չի ուզում ծառայել: Բայց իր ծառայությունն ու համազգեստը շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Արմենի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկության տարիները. «Արմենն առաջին դասարան հաճախեց Վանաձորի Պուշկինի անվան դպրոցում: Հետո տեղափոխվեցինք Աբխազիա: Սուխումի քաղաքում ենք ապրել: Բայց ամուսինս մահացավ, և վերադարձանք Հայաստան: 5-րդ դասարանից Արմենը հաճախեց Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: «Շատ սիրուն էր նկարում, ուսուցիչն անգամ խորհուրդ տվեց, որ կարող է դաջվածքների համար շատ գեղեցիկ պատկերներ նկարել, թող գնա և սովորի: Բայց իր ցանկությունը քեռու նման հմուտ վարորդ դառնալն էր»: Արմենը սովորել է Վանաձորի գյուղատնտեսական քոլեջում: Ուներ հնարավորություն տարկետում ստանալու, բայց չօգտվեց դրանից և 2021 թ. հուլիսի 5-ին զորակոչվեց ժամկետային զինծառայության: Ծառայում էր Գորիսի «Զանգեր» զորամասում:

«44-օրյա պատերազմից հետո մեր թաղամասից մի տղա անհետ կորած է համարվում, ամեն պահի սպասում էր, որ իր ընկերը պետք է իրեն զանգի: 2020 թ.-ին Արմենը գնացել է զինկոմիսարիատ, որ իրեն էլ տանեն բանակ: Իրեն ասել էին՝ տղա՛ ջան, քո ժամանակը չի, երբ քո ժամանակը լինի, այն ժամանակ կգնաս: Իր՝ զինկոմիսարիատ գնալու մասին շատ հետո ենք իմացել: Միշտ ասում էր՝ ինչ ուզում է լինի, պիտի ծառայեմ: Համազգեստը շատ էր սիրում, իրեն էլ այն այնքան շատ էր սազում, իրեն ուրախ ճանապարհեցինք, չէինք պատկերացնի, որ հետ չի գալու, բայց...»: Երբ մայրիկին հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացումների մասին, բայց հատկապես անհանգստության մասին, արձագանքում է. «Երբ զանգեց ու ասաց, որ Գորիսում է ծառայելու, հարցրեցի՝ ինչի՞ այդքան հեռու: «Մա՛մ ջան, վիճակահանությունով եմ ընտրել Գորիսը: Մեր Հայաստանն է»: Բայց առաջին իսկ օրվանից, երբ տնից դուրս եկավ ու գնաց, քունս կորցրել եմ, մինչ օրս չեմ քնում, որ Արմենը պետք է տուն գա: Ներքուստ այդ անհանգստությունը միշտ ունեցել եմ, բայց Արմենը երբեք չի դժգոհել իր ծառայությունից: Երբ զանգել ենք, ասել է՝ ամեն ինչ ավ է, «սաղ տոչնի է», դիրքերում շատ լավ է: Զոհվելուց հետո իմացանք, որ իրեն «Իշխանասարի Կպո» են կոչել:

Բնավորության գիծ ուներ, որ մի բան ուզում էր անել, այնքան պետք է կպներ, մինչև աներ: Կարծում եմ, որ այդտեղից է եկել այդ անունը: Ծառայության ժամանակ երկու անգամ արձակուրդ է եկել, այն էլ՝ խրախուսանքներով: Մի անգամ, որպես դիպուկահար, ծառայության մեջ առանձնահատուկ աչքի ընկնելու համար էին արձակուրդ տվել, մյուս անգամն էլ ցանկացել էր ջուր խմել, իր վերադասներից մեկը անցնելուց էր եղել, ջուրը չէր խմել, պատիվ էր տվել: Վերադասը մոտեցել էր, մի քիչ զրուցել, իրեն հինգ օրով արձակուրդ էին ուղարկել: Իր զինգրքույկը հիմա մեզ մոտ է, գրված է, որ շատ լավ տիրապետում էր իրեն ամրակցված զենքին, օրինակելի զինվոր էր և այլն: Իր թույլ տեղն իր ընկերներն էին, շատ ընկերասեր էր: Վերջում էլ կյանքն իր ընկերների համար տվեց»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր:

«Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց, ասաց՝ տղերքի հետ «չայնիում» նստած եմ, կզանգեմ: Հարցրեցի՝ քույրիկներին զանգե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ կզանգի: Մեծ քրոջը նամակ էր գրել, թե «ի՞նչ կա, Անի՛», քույրիկը պատասխանել է՝ «բան չկա, մեռնեմ քեզ, դու ասա», բայց այդ նամակն անպատասխան է մնացել: Արմենը զորամասում է եղել: Երբ տագնապ են հայտարարել, ընկերներից մեկն ասել է՝ Արմե՛ն ջան, գլխարկս ու բլ յախս թողնեմ մոտդ, մեզ վերև են բարձրացնում: Ասել է՝ ես էլ եմ գալիս: Ընկերն արձագանքել է, որ իրեն չեն տանի, նոր է իջել, իր ընկերներն էլ վերևում են: Պատասխանել է՝ դրա համար էլ գալիս եմ, տղերքը վերևում են: Գնացել է, իր սպային տեղեկացրել, նստել մեքենան ու բարձրացել իր տղերքի մոտ: Իրենց սպայի հետ ութ հոգով են եղել: Շատ թեժ մարտեր են մղել, երեխեքին չեն կարողացել կոտրել, մինչև լուսաբաց կռիվ են տվել: ԱԹՍ-ն հարվածել է: Տղաներն իրենց հրամանատարի հետ զոհվել են:

Գորիսի «Զանգեր» զորամասում 29 զոհ ունենք: Շատ բան չգիտենք, որովհետև բոլոր տղաները զոհվել են: Ասում են, որ հրամանատարը վիրավորվելուց հետո տղաներին նահանջ հրաման է տվել, բայց հրամանատարին մենակ չեն թողել: Շատ բաներ կան, որ բացահայտված չեն, շատ բաներ ավելի ուշ ենք իմացել, որոշ դրվագների մասին չգիտենք: Ծնողներով իրար գտել ենք, կիսվել մեր ունեցած տեղեկություններով: Իմ տղան փակբերան էր, ինչ էլ լիներ, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Սեպտեմբերի 13-ին ինձ ասում էին՝ Արմենդ ժիր է, հիմա կզանգի, բայց գիտեի, որ իմ աշխույժ տղան մինչև կեսօր պետք է զանգած լիներ: Երևի հասկանում էի, որ երեխուս կորցնում եմ»:

Զոհվելուց օրեր անց Արմենը «տանն» էր: Մայրիկն ասում է՝ ճանաչելի էր, բեկորային վնասվածքներ էր ստացել: «Ոչ մի բանից չէր վախենում: Երես տված երեխա էր, բայց երբեք առիթից չի օգտվել: Երդմնակալության արարողության ժամանակ ամբողջ տեքստը կարծես չարտաբերեր, տեսանյութերում ընկերների ժպիտն է երևում, բայց հստակ արտաբերեց՝ երդվում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և ստորագրեց թուղթը: Զոհվելուց մի քանի օր առաջ զանգել էր քրոջը, Իշխանասարի գագաթին էր եղել. «Անի՛, նայի՛ր, ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, տես, թե ինչ բարձր տեղում եմ: Այս դիրքը, եթե տանք, Հայաստան չի լինելու, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք»: Մտածում եմ, որ երևի երեխես մի բան գիտեր կամ էլ կանխազգում էր»: Մայրիկի խոսքով, որդին պաշտում էր Սյունիքը:

«Իր զոհվելուց հետո Արմենիս քույրիկին մի աղջիկ էր գրել, պարզվեց, որ Գորիսի խանութներից մեկում է աշխատում: Գրել էր. «Ձեր զինվորին ճանաչում ենք, մայրիկիդ շնորհակալություն կհայտնես այդքան լավ տղա դաստիարակելու համար»: Աղջիկներ և տղաներ նամակներ էին գրել իմ աղջկան, Արմենի մասին խոսել, ինձ շնորհակալություն փոխանցել»: Տղաների մասին զրույցները շատ լուսավոր ու պինդ են ստացվում, չնայած ամբողջ ցավին ու կարոտին:

«Իր մասին՝ լացը՝ երեսիս, բայց ծիծաղով եմ պատմում: Հաճախ ենք զրույցների ժամանակ ասում՝ 19 տարվա մեջ հասցրեց ամեն ինչ անել: Արմենից հետո մի ընթացք շատ կոտրվեցի: Հարցերս Աստծուն շատ էին: Ամուսնուս մահվանից հետո ահագին ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո ինձ հավաքեցի, որ կարողանամ երեխաներիս մասին հոգ տանել: Հիմա աղջիկներս են ուժ տալիս, իրենց համար եմ ապրում: Փոքր աղջիկս 2 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ, իսկ հիմա էլ՝ եղբայրը: Իր համար շատ դժվար է: Փոքր քույրիկի համար հայրիկ էր, ընկեր, եղբայր: Առհասարակ, որպես եղբայր, երբեք չի նեղացրել իր քույրիկներին՝ ոչ՛ մեծին, ո՛չ փոքրին: Փորձում եմ անթերի ապրել, առանց չարանալու, հույսով, որ գոնե մի օր հանդիպեմ տղայիս: Տղես մի ակնթարթ եկավ էս աշխարհ ու գնաց: Փորձում եմ տղայիս արարքը հասկանալ, նա մտածել է, որ թուրքը կհասնի Հայաստան, իսկ ինքը տանը երկու քույր ունի: Մեր տղաներին այդպես պետք է դաստիարակենք՝ քո ընտանիքն ու հայրենիքը պետք է սիրես, որովհետև եթե տուն ու հայրենիք չունես, անտեր ես, չգիտեմ էլ, թե որ կարգի մարդ ես դառնում: Քո հողում պետք է ապրելու տեղ ունենաս»:

Հ. Գ. - Արմեն Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում