Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank
Socity

«Ասաց՝ մա՛մ, մի նեղվի, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ». սերժանտ Շահեն Սիրեկանյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շահենս դեռ մանկուց շատ հանգիստ բնավորություն ուներ և սիրում էր իր նման հանգիստ և լուրջ մարդկանց հետ շփվել: Պատասխանատու էր իր արարքների համար, նույն կերպ վարվելու խորհուրդ էր տալիս նաև եղբորը՝ եղի՛ր կարգապահ, պատասխանատու, որ կյանքում ամենաճիշտ քայլերն անես: Նույն կերպ իրեն ծառայության ամիսներին է դրսևորել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Շահենի մայրիկը:

Նշում է՝ որդին եղել է դպրոցի պարծանքը, սիրելին, հենց առաջին օրվանից եղել է շատ սիրված ու հարգված դպրոցում: «Երբ դպրոց էի մտնում, հպարտությունս այլ էր: Եղել է շատ խելացի, ընդունակ, բայց նաև ծույլ՝ սովորելու տեսանկյունից: Սակայն մեծ եռանդ ուներ և գիտելիքներով հարուստ էր իմ տղան: Երբ ասում էի՝ սովորի՛ր, արձագանքում էր՝ սովորել եմ, բայց գիրքը չէր բացում, չնայած որ գնում էր դպրոց և բարձր գնահատականներով վերադառնում: Հինգ տարեկանից նկարել է: Դպրոցում իր նկարած աշխատանքներից կար փակցված, բանակից զանգում էր՝ մա՛մ, իմ նկարածը հանե՞լ են, թե՞ դեռ փակցրած է: Եղբոր հետ ֆուտբոլի էին հաճախում, բայց հետո կիսատ թողեց: Ի դեպ, եղբայրը՝ Կարենը, իր հետ նույն զորամասում է ծառայել, Շահենը եղբորն ասաց՝ դիմում գրի և արի մեր զորամաս»:

Շահենը սովորել է Աբովյանի քոլեջում, ուսումնասիրել ծրագրավորում: Մայրիկն ասում է՝ նաև աստղագիտությունն էր սիրում. «Ասում էի՝ դու աստղաբան ես լինելու, իմ տղա: Ու այդպես էլ գնաց երկինք»: Շահենը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 16-ին, ծառայում էր Կապանում: «Քոլեջն ավարտելուց հետո պետք է 2020 թ.-ին զորակոչվեր բանակ, բայց քանի որ պատերազմ էր, զորակոչը հետաձգվեց: Մտադիր էր զորացրվելուց հետո աշխատել, նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու ցանկություն ուներ: Ցանկանում էր էլ ավելի կատարելագործվել ծրագրավորման ոլորտում: Շատ նպատակներ ուներ, բայց դրանք կիսատ մնացին»: Երբ հարցնում եմ՝ ընտանիքը չունե՞ր անհանգստություն, երբ պատերազմից հետո իրենց որդին պետք է մեկներ ծառայության, տիկին Արմինեն հիշողություններով անցյալ է տեղափոխվում. «44-օրյա պատերազմն սկսվել էր, մի օր Շահենս ընկերոջ հետ տուն եկավ, զրուցում էինք: Հետո նա մի պահ դուրս եկավ, իսկ ընկերն ինձ ասաց՝ Արմինե քուրիկ, Շահենից զգույշ եղեք, գնացել է զինկոմիսարիատ, ասել՝ անունս գրեք ու ինձ տարեք ռազմի դաշտ: Նեղվեցի, ասաց՝ մա՛մ, ոչ մի տղայից լավը չեմ: Այդքանով թեման ամփոփեցինք: Վախը սրտումս էր, երբ մեկնում էր ծառայության, բայց երբեք չէի մտածի, որ մեզ հետ նման բան կպատահի: Շահենը չէր վախենում, հանգիստ էր: Միշտ ասում էր՝ մա՛մ, տղեն պիտի ծառայի, որ կայուն մեծանա:

Ծառայության օրերին էլ երբեք չի տրտնջացել՝ իր սիրելի խոսքն էր՝ «մա՛մ, սաղ տոչնի ա»: Ու ես էլ համոզված էի, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Իրար հետ շատ էինք զրուցում, միշտ ինձ հետ կապի մեջ էր, իր ձայնը պիտի լսեի: Երբ գիշերը կարող էի իրեն զանգահարել ու տրտնջալ անգամ, միշտ ասում էր՝ մա՛մ, դու արթո՞ւն ես, բա ես ինչի՞ եմ այստեղ կանգնել, որ դու պիտի արթուն լինես»: Շահենը սերժանտ էր, հաշվարկի հրամանատար, հրետանավոր, հրաշալի տիրապետում էր իր զենքին: «Զորամասում իրեն բոլորը սիրել են, անգամ առաջարկել էին շարունակել ծառայությունը: Պարբերաբար քննություններ է հանձնել, խրախուսանքներով վերադարձել զորամաս: Իրեն անգամ հեռուստացույցով են ցույց տվել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ միաժամանակ մի քանի ուղղությամբ: Շատերը դա ռազմական գործողություն, ագրեսիա են անվանում, բայց դա չդադարող պատերազմի հերթական փուլն էր, դա պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ի գիշերը մինչ կեսգիշերին մոտ մայր ու որդի զրուցել են: Մոտ մեկ ժամ տևած զրույցը վերջինն էր, մայրիկն այդ մասին չգիտեր, իսկ Շահենը գուցե կանխազգացում ուներ:

«Ամեն ինչից զրուցել ենք, բոլորից հարցրել է: Իրենց դիրքում փոքրիկ շունիկ էին պահում, անգամ այդ շունիկից պատմեց: 23:30-ին անջատեցինք հեռախոսը, դա մեր վերջին բարի գիշերն էր ու զրույցը»: Րոպեներ անց Շահենն արդեն պատերազմի մեջ էր: Իսկ մայրիկն առավոտյան իմացավ, որ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ եթե ավելի ճիշտ՝ պատերազմ է: Տիկին Արմինեն ասում է, որ որդու ձայնի մեջ տագնապ, անգամ անհանգստություն չի որսացել, և իր համար դա այնքան ցավոտ է: «Ասում են, որ արդեն դիվերսիոն խմբեր են եղել մեր երկրի տարածքում, բայց իմ տղան որևէ կերպ ցույց չի տվել իր անհանգստությունը կամ վտանգի զգացողությունը: Ինչպե՞ս կարող էր ինձ ոչինչ չասել, կամ էլ ես չզգայի: Իր հետ հավասար ծառայել եմ: Կիսվում էր ինձ հետ, ամեն ինչ պատմում: Ու մեր զրույցներից յուրաքանչյուրի ժամանակ ես իր անսահման ուժն էի զգում: Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուսադեմին կրտսեր տղաս զանգեց զորամասից՝ մա՛մ, պատերազմ է սկսվել: Միանգամից անջատեցի ու զանգեցի Շահենին, մի քանի անգամ զանգեցի, զանգն անջատում էին: Մինչև ժամը 8-ը զանգահարել եմ, իսկ հետո նրա հեռախոսն անհասանելի դարձավ: Ինձ համար հանելուկ է, թե ինչո՞ւ դարձավ անհասանելի՝ որդիս արդեն անմահացա՞ծ էր, հեռախոսը լիցքավորում չունե՞ր, թե՞... Այդ «թե»-երն ինձ շատ են տանջում»: Շահենն անմահացել է սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդի թիվ N դիրքում:

«Օրեր շարունակ իրենից ոչ մի տեղեկություն չենք ունեցել: Մեզ ասում էին, որ տղաներն անտառներում են, թաքնված են: Բայց չէի հավատում, իմ տղան ինձ ինչ-որ լուր կտար, չգիտեմ էլ, թե ինչպես, բայց կտար: Փախչող չէր, իրեն ասում էի՝ Շա՛հ ջան, որ պատերազմ լինի, կփախնես, ասում էր՝ մա՛մ ջան, ինձ ուշադիր նայի, ես փախնո՞ղ տղա եմ: Բայց տղաներն ունեցել են այդ հնարավորությունը: Մեզ հետո ուրիշ տղաներ փոխանցեցին, որոնք իջել էին դիրքերից՝ «իրենց ասել ենք՝ դուք էլ իջեք, փախեք», բայց տղաներն արձագանքել են՝ որ փախչենք, մեր թիկունքն ո՞վ է պահելու, հետ նայեք: Սեպտեմբերի 30-ին մեզ հայտնեցին, որ Շահենի ԴՆԹ-ն հաստատվել է: Այդ օրը Շահենս պետք է տանը լիներ, ոչ թե դիրքերում: Ամբողջ զորամասից չորս լավագույն զինվորի՝ Շահենիս, Հակոբին և ևս երկու զինծառայողի, տարել էին Մեղրի քննություն հանձնելու: Սեպտեմբերի 9-ին զանգեց՝ մա՛մ, խրախուսանքով տուն եմ գալիս: Տասն օրով արձակուրդ էին տվել, տղաս տուն էր գալիս, ուրախացել էի: Բայց նույն օրվա երեկոյան էլի զանգեց՝ մա՛մ, մեզ նորից դիրքեր են բարձրացնում, ասացին՝ կիջնեք, հետո կգնաք տուն: Շահենս պատերազմի օրը պետք է տանը լիներ: Նեղվել էի շատ, ասաց՝ մի նեղվի, մա՛մ, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ… Իր խրախուսանքը մնաց իր գրպանում»:

Պատերազմներն անպատասխան հարցեր են թողնում, բայց պատասխանները գուցե էլ ավելի մեծ ցավ պատճառեն, ի՞նչ իմանաս: Դեռ պետք է եղած ցավի հետ կռիվ տալ: Շահենի հեռախոսը, ձեռքի ժամացույցը, զինգրքույկը նրա ընտանիքին չեն հասել: Այս մասին խոսելիս մայրիկը հուզվեց, չէ՞ որ որդիների անմահանալուց հետո նրանց իրերը մայրերի համար սուրբ մասունք են դառնում: Իսկ վերջում՝ ապրելու ու կյանքը շարունակելու ուժի մասին: «Խելագարի նման եմ սիրել Շահիս: Ամեն անգամ, երբ ուժասպառ եմ լինում ու չեմ ուզում ապրել, հետ եմ նայում ու մյուս որդուս տեսնում: Երբ մեկ-մեկ ասում եմ՝ երանի գնամ Շահենիս մոտ, տղաս ասում է՝ մա՛մ, բա ե՞ս»:

Հ. Գ. - Սերժանտ Շահեն Սիրեկանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է հայրենի Աբովյան քաղաքի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում