Գյումրու մանկատան նախկին սանը գտավ ծնողներին. «Այս անգամ հաստատ իրար բաց չենք թողնի»
Asparez.am-ը գրում է.
Գյումրու «Երեխաների տուն» մանկատան նախկին սան, երգիչ Խորենի համար կատարվեց ամենամեծ հրաշքը. 25-ամյա երիտասարդը կարողացավ գտնել ծնողներին:
«Ասպարեզ»-ի հետ զրույցում Խորենը պատմում է, որ ծնողներն իրեն գրել են համացանցով, իսկ ինքը սկզբում չի հավատացել, չի պատկերացրել, որ իր հետ խոսում են ծնողները:
Խորենն ասում է, որ հարազատները բնակվում են Երեւանում: «Ունեմ քույր, եղբայր, մորաքույրեր, մորեղբայր, հայր եւ ամենակարեւորը` մայր»,-նշում է Խորենը: Հարազատներին տեսնելու նպատակով նա սեպտեմբերին Լեհաստանի Կրակով քաղաքից վերադառնալու է Հայաստան:
Խորենն արդեն ֆեյսբուքում իր ուրախության մասին տեսանյութ է հրապարակել:
«Ես բազմիցս իմ հարցազրույցներում ասել եմ, որ շատ կուզենամ գտնել իմ հարազատներին, ծնողներին, կուզենամ ճանաչել նրանց, կուզենամ սիրել նրանց, նրանց չեմ դադարել սիրել մանկուց ու ես նրանց գտել եմ, ես նրանց հետ խոսում եմ, մենք շփվում ենք, մենք իրար գրում ենք, մենք իրար տեսնում ենք եւ, ի սկզբանե ասեմ, որ ես ամեն ինչ ներել եմ, ես նրանց դեմ ոչ մի մեղադրանք չունեմ, ինչ եղել է` եղել է, այն կթողնենք անցյալում, մենք մեր կյանքը կսկսենք նորովի, մեր կայնքը կկառուցենք նորովի ու այս անգամ հաստատ իրար բաց չենք թողնի ու կուզենամ խնդրել, որ դուք էլ, եթե մեկնաբանություն եք գրում, մեկնաբանությունում լինեք կոռեկտ, կխնդրեմ ոչ մի վիրավորանք չհղել, անձնական վիրավորանք չհասցնեք, եթե վիրավորեք իրենց` առաջինը ինձ կվիրավորեք,-ասում է տեսանյութում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում