Աշխարհը ցնցած սիրիացի փրկարարը սպանվել է
«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության փրկարարը, ով անցյալ տարի փրկել էր ավիահարվածների հետևանքով փլատակների տակ հայտնված սիրիացի փոքրիկ աղջնակին, այն 7 կամավորի թվում է, որոնք սպանվել են Սիրիայում: Այս մասին հայնում է Daily Mail-ը:
Անցյալ տարի հոկտեմբերին փրկարար Աբու Քիֆահը հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ տարածվել էր նրա մասնակցությամբ փրկարարական գործողությունների տեսանյութը, որում պարզ երևում էր, թե ինչպես է վերջինս հուզվում մեկ ամսական աղջնակին փլատակների տակից դուրս բերելով:
Այդ տեսանյութը հեռարձակվել էր նաև BBC-ի եթերով, որը ներկայացնող մեկնաբան Քեյթ Սիլվերթնը ևս հուզվել էր ուղիղ եթերում:
«Սպիտակ սաղավարտներ» կազմակերպությունը, որը հայտնի է նաև Սիրիական քաղաքացիական պաշտպանությունը անունով, հաստատել է, որ իրենց կամավորներից յոթը սառնասրտորեն սպանվել են իրենց գրասենյակում անհայտ անձի հարձակման ժամանակ: