«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախագծով
«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախագծով՝ «Տանիք», որը ուղղված է տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների լուծմանը, մասնավորապես այն ուղղված է ծրագրի շահառու մարդկանց ապահովելու նոր տուն սեփական հողատարածքով: Այդ նպատակով ստեղծվել է «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամը։
Դեկտեմբերի 5-ին բարեգործական հիմնադրամի գրասենյակում կայացել է անդրանիկ նիստը, որի արդյունքում հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը։ Խորհրդի նախագահ ընտրվել է Վահե Ղազարյանը։ Կազմում են «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Արման Նալբանդյանը և Աշոտ Բարսեղյանը, մի շարք բարեգործական շարժումների և կազմակերպությունների գործունեության կառավարման մեջ փորձագետ Արմեն Ավագ Ավագյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:
Երեկ «Սմարթ Արմենիա» Հիմնադրամի հիմնադիրներ Աշոտ Բարսեղյանը և Արման Նալբանդյանը հանդիպել են Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ։ Քննարկվել է «Տանիք» ծրագիրը։ Հիմնական թեման եղել է հողահատկացման հարցը։ Հանդիպման ընթացքում որոշվել է «Տանիք» նախագծի մեկնարկը սկսել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղից, որտեղ տրամադրվելու է հողատարածք կառուցապատման նպատակով։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքի անունից պատրաստակամություն է հայտնել շինարարության փուլում աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
«Սմարթ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիրները հանդիպման ընթացքում համոզմունք են հայտնել, որ ծրագրի իրականացման ընթացքում բազմաթիվ արցախցիներ իրենց երջանկությունը և տաք անկյունը կգտնեն նոր տանիքի տակ։
«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչ օրս աջակցում է հակամարտության ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին և նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով կրթական տարբեր ծրագրեր:
«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ կազմակերպել էր ժամանակավոր ապաստան բռնի տեղահանված արցախահայերի համար, որի նպատակն էր ապահովել անվտանգ և աջակցող միջավայր վերաբնակեցման դժվարին ժամանակահատվածում:
Այժմ «Տանիք» ծրագիրը դրամահավաք իրականացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աջակցություն ստանալու փուլում է: