7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը
Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները գտնում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։
Նրանք խնդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, որ սա «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունն է, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ:
«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի էջում գրված է.
«2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։
Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
Մասնագետների եզրակացությունն ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։