Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 6 մարդ հոսպիտալացվել է
Նոր Մոսկվայում օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք, որի հետևանքով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը:
Մոտ 40 շինարարների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում՝ Կոմունարկայի շինարարական հրապարակում:
Մամուլի ծառայության հաղորդմամբ` միջադեպի ժամանակ օգտագործվել են բահեր, մուրճեր և երկաթյա ձողեր:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վեճը տեղի է ունեցել շինարարական օբյեկտում աշխատող երկու խմբերի միջև: Միջադեպի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- նշում է աղբյուրը:
Վեճը սկսվել է այն ժամանակ, երբ աշխատակիցներից մեկը աղբ է նետել տանիքից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ավազակության հոդվածով: