Դուբլինում ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել
Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հանդես են եկել՝ «Ամոթ Ադրբեջանին», «Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրեք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով: Երիտասարդները տեւական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել եւ զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը։
Ի դեպ, ադրբեջանական պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի` ցուցարարներին մոտենալու փաստի առիթով վայնասուն է բարձրացրել։
Արման Մարտիրոսյան