Բուլղարիայում Ավանդական արհեստների XVIII միջազգային տոնավաճառին ներկայացվել է «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը. լուսանկարներ
Բուլղարիայում «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը համատեղ մասնակցում են Ավանդական արհեստների XVIII միջազգային տոնավաճառին` ներկայացնելով «Հայկական ավանդական տարազ» ցուցադրությունը։
Միջոցառումը տեղի է ունենում Գաբրովոյի Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում։ Նույն ժամանակ ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը զեկույցով հանդես է գալիս «Ավանդական արհեստներ. Ժամանակակից ներկայացումներ» միջազգային գիտաժողովին: Հայաստանի մշակութային ժառանգությունը Էթար տարածաշրջանային ազգագրության բացօթյա թանգարանում ներկայացնում են «Տերյան մշակութային կենտրոն»-ը և Հայաստանի պատմության թանգարանը։
Էթարը (Етър) գտնվում է Գաբրովո քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Սիվեկ գետի ափին և ունի 46 ճարտարապետական կառույցներ, որոնք ներկայացնում են 25 հնագույն մասնագիտություններ:
Այն մեկ փողոցի վրա տեղակայված վարպետների քաղաք է, որի երկայնքով քայլելիս կարող եք անցնել տարածությունն ու ժամանակը և հայտնվել դարավոր Բուլղարիայում:
Այստեղ կյանքը եռում է. ջրաղացներն աղում են, դարբինները դարբնում են, ջուլհակները հյուսում են, տնային տնտեսուհիները պատրաստում են, և այս ամենը՝ հիացած այցելուների աչքի առաջ: