Մեր ընթերցողներին. կհանդիպենք սեպտեմբերին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սիրելի ընթերցող, օգոստոսին «Փաստի» խմբագրակազմը ևս գնում է արձակուրդ:
Արդեն մենք հանդիպել ենք 174 անգամ:
Այդ ընթացքում փորձել ենք անկեղծ ու ազնիվ լինել մեր հրապարակումներում: Որքան մեր մասնագիտական հնարավորությունները բավել են, անաչառորեն ենք անդրադարձել մեր երկրում ու մեր երկրից դուրս տեղի ունեցող իրադարձություններին: Մատներս դրել ենք ցավի վրա, որոնք եղել են թե՛ հասարակական, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ–տնտեսական կյանքում ու ձգտել ենք դրանք տեսանելի դարձնել այն մարդկանց ու պաշտոնյաներին, որոնք կարող են լուծել խնդիրները:
Նաև ձգտել ենք մարդկանց մեջ առաջացնել պատասխանատվության զգացում մեր երկրի ու մեր հասարակության հանդեպ: Որովհետև միայն այդ դեպքում է երկիրը հայրենիք դառնում:
Իսկ մեր երկիրն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, կուտակված են խնդիրներ բոլոր բնագավառներում: Մենք խոսում ենք այդ խնդիրների մասին: Բայց որքան հնարավոր է, փորձում ենք խոսել բարության լեզվով: Թույնը, չկամությունը տեղ չպետք է ունենան յուրաքանչյուր հնչած խոսքի մեջ, առավել ևս` գրավոր խոսքում: Որովհետև չարությամբ դու չես կարող հիվանդին բժշկել ու վնասվածը շտկել: Ու մեր հրապարակումներում ձգտում ենք թույնի քանակությունը նվազագույնի հասցնել:
Եվ եթե գա մի օր, որ ամենքս մեզ պատասխանատու զգանք մեր երկրի համար, ի վերջո, հասնենք այնպիսի գիտակցության, որ յուրաքանչյուրիս ներսում մեզանից անկախ հնչի «Մենք ենք տերը մեր երկրի» խոսքը, ապա հանգիստ կարող ենք լինել: Հանգիստ, որ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է, այսինքն` իր քաղաքացիների ձեռքերում է: Թող գա՛ այդ օրը...
Կհանդիպենք սեպտեմբերին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում