Պատկան մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն՝ երեխայի շահերը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու փոխարեն. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանրային ու պետական բոլոր կառույցների, բոլոր պատասխանատուների դերն ու կարևորությունը գործող իշխանության կողմից արժեզրկվել է այն աստիճան, որ այլևս անտեղի եմ համարում բողոքի նոտա հղել բոլոր այն կառույցներին, որոնց անգործության և անկարողության պայմաններում այսօր ականատես եղանք երեխայի նկատմամբ իրականացված ծայրահեղ դաժան բռնությանը։
Հավատացած եմ, որ բանական ուղեղը նման բան երևակայել անգամ չէր կարող, այնինչ պատկան մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն՝ փոխարենը պաշտպանելու երեխայի շահերը, պատիվն ու արժանապատվությունը։
Եվ սա մի դեպք է, որ բացահայտվել է պատահաբար, բացառապես տեսանյութի առկայության հետևանքով։
Քանի-քանիսն են մեր երեխաներից արժանանում նման վերաբերմունքի։ Քանի՞ բռնարար, էլ չեմ ասում ծնող է պատժվել նման վարքագծի համար։ Ինչու՞ չեն բացահայտվում երեխաների նկատմամբ բռնության հրեշավոր դեպքերը։
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ բռնարարն ու օրինապահը, երեխայի իրավունքի պաշտպանն ու նրա անվտանգության երաշխավոր պետությունը նույն արժեքների կրողն ու տարածողն են։
Կարելի՞ է արդյոք կարծել, թե նրանք, որոնց համար այսօրինակ իրականությունը նորմա է, հենց իրենք էլ բռնարար են ու դրա խրախուսողը։ Ունե՞նք գեթ մեկ օրինակ, որ պատասխանատու մարմինը, անձը պատժվել է անգործության համար։
Համընդհանուր սոցիալական նորմերի լիակատար ոչնչացումը, որն ուղղակի և անուղղակի հովանավորվում է գործող իշխանության կողմից, կարող է հանգեցնել աղետալի արդյունքի, եթե իրերի այս ավերիչ ընթացքը չկանգնեցվի։
Խորապես ցավում և դատապարտում եմ տեղի ունեցածն ու դրա կանխարգելմանն ուղղված անգործությունը։