Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման հարցում։ Ավելին` խոսակցություններն այն մասին, թե ՌԴ ռազմական հատուկ գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ Մոսկվայի համար պակաս առաջնային են դարձել, փաստական հիմքեր չունեն։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Հուլիսի 25-ին Փաշինյանը ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նվազել է:
«Ռուսաստանն ամեն ինչ անում է տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և դա լիովին վերաբերում է Հարավային Կովկասին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ակտիվության ինչպիսի նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին ամիսներին Ռուսաստանի մասնակցությամբ բարձր ու բարձրագույն մակարդակով շփումների մի ամբողջ շարք է եղել` մայիսի 25-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, հունիսի 2-ին՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, մայիսի 19-ին և հուլիսի 25-ին՝ արտգործնախարարների եռակողմ բանակցությունները։
«Սա տեմպերի նվազո՞ւմ է։ Պետք է ուղիղ նայել ճշմարտության աչքերին․.. Դրանք հավանաբար գնահատական տվող դատողություններ են, անձնական կարծիքներ, գուցե հույզ, բայց փաստերին արժե ուշադրություն դարձնել: Տրամաբանությունը անհասկանալի է, տպավորություն է ստեղծվում, որ մինչև 2022 թվականը Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ ուղղությամբ ամեն ինչ եղել է առանց խոչընդոտների», – ասել է Զախարովան։