Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Economy

ԶՊՄԿ օրինակով կարող եմ ասել, որ լիարժեք կարող ենք բավարարել ռազմավարության նոր խստացումներին՝ բոլոր պահանջներով․ Վարդան Ջհանյան

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 11-ի որոշմամբ հաստատեց Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների պլանը՝ մինչեւ 2035 թվականը:

Ռազմավարության ընդունման, ներառված դրույթների, բացթողումների եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունների մասին Banks.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ:

- Պարոն Ջհանյան, սա Հայաստանի առաջին ռազմավարությունն է, որ վերաբերվում է հանքարդյունաբերության ոլորտին։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
 
- Ռազմավարության ընդունման փաստն ըստ էության դրական եմ գնահատում: Վերջապես մեր ոլորտն ունի ռազմավարություն, որի մեջ կա կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ նպատակեր եւ ճանապարհային քարտեզ՝ ինչպես պետք է հասնել այդ նպատակներին: Ռազմավարության ընդունմամբ՝ կառավարությունը նաեւ ընդունում է, որ ոլորտը կարեւորագույններից է մեր տնտեսության համար՝ տնտեսական աճի ապահովման, արտահանման աճի, արտարժույթի մուտքի, սոցիալական եւ տնտեսական խնդիրներ լուծելու տեսանկյունից: Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ կառավարությունն ընդունելով այս ռազմավարությունը՝ հաստատում է եւ ընդունում է ոլորտի կարեւորությունը: Այս քայլը դրական եմ գնահատում, բայց նաեւ՝ ուշացած: Այս ոլորտի ռազմավարություն Հայաստանը պետք է ունենար առնվազն 20 տարի առաջ:

Ինչն արդեն տեղ է գտել ռազմավարության բովանդակության մեջ, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում, բայց կան բացթողումներ, կարեւոր հարցերին վերաբերող նպատակներ, դրանց հասնելու ճանապարհներ, որոնք եւս պետք է ներառվեին ռազմավարության մեջ:
 
- Կնշե՞ք այդ կետերը, որոնք բացակայում են եւ կցանկանայիք, որ ընդգրկվեին ռազմավարության մեջ:

- Առաջինը ոլորտի ներդրումային միջավայրի բարելավման դրույթն է: Երբ ուսումնասիրում ենք ռազմավարությունը, տեսնում ենք, որ ամենավերջին հատվածում է «Կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայրի ձեւավորում» բաժինը: Իրականում այս կետը պետք է լիներ առաջինը: Հերթականության առումով էլ է ակնառու, թե որքան կարեւորված չէ այդ կետը: Բացի այդ՝ երբ կարդում ենք այս բաժնի բովանդակությունը, ընդամենը այս 100 էջանոց ռազմավարության 2 էջ է նվիրված, եւ իմ կարծիքով գրված չէ այն ամենը, ինչը իսկապես կապահովեր կայուն կանխատեսելի, գրավիչ ներդրումային միջավայր ՀՀ-ում:  Եթե ուզում ենք ունենալ այնպիսի ոլորտ, որը կապահովի տնտեսական աճ, սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծում, կապահովի համայնքների զարգացում, ուրեմն պետք է սկսել այս կետից: Եթե ունենանք կայուն, կանխատեսելի եւ գրավիչ ներդրումային միջավայր, միանգամից նշված կետերն էլ են ապահովված լինում:

Սովորաբար հանքարդյունաբերության մեջ ներդրողները լինում են կայացած, խոշոր եւ ցուցակված կազմակերպությունները, որոնք երբեք չեն գա եւ ներդրում չեն անի ոլորտում, եթե սոցիալ-տնտեսական, բնապահպանական կետերը ապահովված չեն:  Այդպիսի միջավայր ստեղծելու համար ամենակարեւորագույնը կառավարության քաղաքականության հասկանալի, թափանցիկ եւ կանխատեսելի լինելն է ներդրողի համար, ինչի մասին ոչինչ չկա ռազմավարության մեջ:

Մյուս բացթողումը երկրաբանական ուսումնասիրություններին է վերաբերում: 2016-2020 թվականների ընթացքում ընդամենը 2,3 մլրդ դրամ ներդրում է կատարվել երկրաբանական ուղղվածության համար: Սա շատ փոքր թիվ է ընդհանուր ոլորտի ծախսերի մեջ: Երկրաբանական ուսումնասիրությունը այն հիմքը, առաջնային ծախսն է, որը թույլ է տալիս կայուն զարգացում ապահովել ոլորտում: Եթե այդ ուսումնասիրությունները անբավարար են, քիչ են կամ ընդհանրապես չեն արվում, ապա տարիների ընթացքում ոլորտը դեգրադացվելու է եւ վերանա: Հիմա մենք այդ ճանապարհին ենք, այսինքն՝ ապագա ներդրողը, եթե այսօր չի անում բավարար ներդրումներ, հետագայում ինչ էլ փոխվի, շատ մեծ ժամանակ է պետք, որ կարողանա մուտք գործել ոլորտ: Հենց այս բացթողման հետեւանքով ոլորտը գնում է անկման ճանապարհով, իսկ սա ուղղելու համար երկար ժամանակ է պետք, որ կարողանանք ինչ-որ մի մակարդակի դուրս գալ, որը աճ կապահովի:  

Ներկայում միության գործընկերների հետ նամակ ենք կազմում, որով պետք է դիմենք կառավարությանը՝ այն հիմնական խնդիրների վերաբերյալ, որ կա ոլորտում: Այսինքն՝ գործող և ապագա ներդրողների համար, որոնք պետք է մուտք գործեն ոլորտ, պետք է հասկանալի, թափանցիկ, երկարաժամկետ քաղաքականություն՝ կառավարության կողմից: Դա վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտի ազդեցություն ունեցող բոլոր օրենսդրական ակտերին, երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվությունից սկսած՝ մինչեւ հասկանալի հարկային քաղաքականություն: Առանց սրա՝ ներդրողները, առավել եւս որակյալ ներդրողները, որոնք պետք են Հայաստանին, չեն գա:   


- Հասարակական կազմակերպություններն իրենց դժգոհությունն են հայտնել ռազմավարության վերաբերյալ եւ կոչ արել անվավեր ճանաչել այն: Դուք ի՞նչ կարծիքի եք, կա՞ն դրույթներ, որոնցից դժգոհ եք։

- Այնպիսի դրույթներ չկան, որոնցից ելնելով կարող ենք դեմ լինել այս ռազմավարությանը: Ինձ համար զարմանալի է, որ հասարակական կազմակերպությունների համար ինչ-որ դրույթներ կան, որոնք անընդունելի են, քանի որ հասկանալով իրենց դիրքորոշումը եւ մոտեցումները, նույնիսկ իրենց տեսանկյունից այդպիսի դրույթներ չեմ տեսնում, որոնք կարող են հիմք հանդիսանալ ռազմավարությունը չեղարկելու: Ավելին՝ կարծում եմ բնապահպանական եւ սոցիալական ազդեցության մասով բավական բարելավումներ կան։

- Կառավարության ղեկավարը ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ այն բավական խստացնում է բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական՝ ԲՍԿ չափանիշները։ Արդյոք ԶՊՄԿ-ն պատրա՞ստ է նման խստացումների։

- Շատ լավ ուսումնասիրել եմ ռազմավարությունը եւ կոնկրետ մեր կոմբինատի մասով, հատկապես մեծ փոփոխություն չի լինի, քանի որ առանց այն էլ չափանիշները, որոնք կիրառում ենք՝ շատ առումներով ավելի խիստ է, քան մեր օրենսգրքի պահանջները: Այսինքն՝ ԶՊՄԿ օրինակով կարող եմ ասել, որ լիարժեք կարող ենք բավարարել ռազմավարության նոր խստացումներին՝ բոլոր պահանջներով:

Կարեւորագույն բնապահպանական խնդիրը, որն այսօր աշխարհում գոյություն ունի կարբոնային հետքի՝ CO2-ի արտանետումների խնդիրն է: Իհարկե, շատ բնապահպանական խնդիրներ կան, բայց երբ վերլուծում ենք միջազգային բնապահպանական ծրագրերը եւ տեսնում ենք, որ հենց այս ուղղությամբ են իրենց ներուժն ուղղում:

Կարբոնային հետքն ամենամեծ բնապահպանական բացասական խնդիրներից է, բայց այս ուղղությամբ պահանջներ չկան ՀՀ համապատասխան օրենսգրքում: ԶՊՄԿ-ն ավելի խիստ է մոտենում այսպիսի հարցերին եւ մի քանի տարի հետո մենք արդեն կունենանք կոմբինատում գործող ծրագրեր՝, օրինակ հիմա աշխատում ենք TCFD ստանդարտներով կարբոնային հետքի տեսանկյունից ազդեցության գնահատման վրա: Սրանք միջազգային ամենախիստ չափանիշներն են. Այսինքն՝ որոշ դեպքերում մենք ավելի առաջ ենք, քան ռազմավարության պահանջները:

- Իսկ ոլորտի մյուս խաղացողների համա՞ր խնդիրներ չեն լինի,

Ոմանց գուցե եւ դժվար կլինի, պարզաբանեմ՝ ինչու: ՀՀ-ում կա ընդամենը 44 մետաղական հանքավայր, որից ընդամենը 23-ն ունեն շահագործման լիցենզիա, որոնցից փաստացի աշխատում են 13-ը, այսինքն՝ ինչ-որ գործունեություն են ծավալել վերջին մի քանի տարվա ընթացքում: Իսկ այս պահի դրությամբ աշխատում եւ գործունեություն են իրականացնում ընդամենը 7 մետաղական հանքավայր: Այս 7-ից եթե հանենք այն կազմակերպությունները, որոնք առավել փոքր են կամ տարբեր օբյեկտիվ խնդիրների պատճառով գնում են կրճատման ճանապարհներով, մնում է ընդամենը 3 հանքավայր, որոնք միջազգային չափանիշներով ծավալների առումով կարելի է հանք համարել։  Դրանք են՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ Կապանի կոմբինատը: Մնացած բոլոր հանքավայրերը կամ չեն գործում կամ այնքան փոքր են, որ նույնիսկ միջազգային ստանդարտներով հանքավայր համարել դժվար է: Նշածս գործող 3-ից միայն ԶՊՄԿ-ն է, որ միջազգային չափանիշներով կարելի է համարել միջին հանք: Ստացվում է՝ այսօրվա դրությամբ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կազմված է մեկ ԶՊՄԿ-ից, մնացածը շատ փոքր են եւ շատ թույլ են, հետեւաբար այս խստացման պահանջները կարող են շատ ծանր անդրադառնալ մնացած բոլոր կազմակերպությունների համար:

ՀԿ-ներն անընդհատ նշում են, որ Հայաստանում շատ են հանքերը, հանքագործությունը չափից շատ է տեղ է զբաղեցնում, եւ բնականաբար, իրենց կարծիքով, բավական մեծ ազդեցություն է թողնում: Բայց տեսնում ենք, որ Հայաստանում կան մատների վրա հաշված հանքեր: Աղմուկը շատ ավելի շատ է, քան հնարավոր  բացասական ազդեցությունը: Իսկ հանքարդյունաբերության դրական ազդեցությունը, ինչի մասին գրված է նաեւ ռազմավարությունում, ՀՆԱ-ի մոտ 6%-ը զբաղվածության մոտ 7% ապահովումն է: Շատ քիչ գործող մետաղական հանքեր ունենալով՝ ունենք էական ազդեցություն տնտեսության վրա: Սա նշանակում է, որ հանքարդյունաբերության մուլտիպլիկատիվ ազդեցությունը շատ մեծ է: Հետևաբար` խստացումների հետ կապված քննարկումներ դեռ կլինեն ոլորտի՝ ի դեմս Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հետ: Կփորձենք փոքր եւ առավել փոքր հանքավայրերի տեսանկյունն էլ ներկայացնել կառավարությանը եւ ընդունելի լուծումներ ստանալ, որ չտուժի ոլորտի կայուն զարգացումը:
 
- Ոլորտի հարկային մուտքերն, ընդհանուր առմամբ զգալի պակասել են այս տարվա առաջին եռամսյակում։ Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի վիճակն այսօր Հայաստանում՝ հաշվի առնելով այս հանգամանքը:
 
2023 թվականի առաջին եռամսյակի նվազումը բնական է՝ շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: 2022 թվականը բացառիկ էր՝ հարկային մուտքերի առումով շատ պատճառներով պայմանավորված:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում