Հավերժ փառք ու խոնարհում. Վահե Հակոբյանի շնորհավորական ուղերձը
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հայաստանն ու Արցախն ապրում են բարդ ժամանակներ, բոլորիս միավորում է ընդհանուր ցավն ու հետպատերազմյան դառը իրականությունը, որը չի մոռացվում նաև այսօր՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը։ Մայիսյան եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մեր ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մայիսի 9-ը հաղթանակի ու խաղաղության մեր տոնն է։
2020-ի 44-օրյա պատերազմից հետո արդեն երրորդ տարին է՝ այս օրը դիմավորում ենք իրարամերժ էմոցիաներով, ցավոտ հիշողություններով ու հանգիստ չտվող մտքերով։ Պատերազմը խլեց հազարավոր կյանքեր, կորսվեց Արցախի Հանրապետության տարածքի ավելի քան 70 տոկոսը, այդ թվում՝ բերդաքաղաք Շուշին, խոցվեց ու վիրավորվեց Հայոց բանակը։ Ցավոք, պարտության այս շղթան շարունակվում է նաև այսօր՝ ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություններով, Արցախի շրջափակմամբ ու ճնշումներով, բանակցային գործընթացում մեր զիջողական, պարտվողական կեցվածքով։
Մայիսի 9-ի խորհուրդը ստիպում է նորից վերապրել անցնող տարիները, հիշել հաղթանակի բերկրանքն ու գիտակցել այսօրվա վիճակը, փորձել գտնել կարևոր հարցերի պատասխաններ՝ ինչու՞, ինչպե՞ս, ի՞նչ անել...
Սիրելի՛ հայրենակիցներ,
2020-ի պատերազմից հետո հաղթանակի ու խաղաղության մեր տոնը դարձել է նաև հիշողության ու խոնարհումի օր, անցյալը վերարժևորելու ու դեպի ապագա նայելու օր։
Մայիսի 9-ը սթափեցնող զանգ է, պարտության հետ չհաշտվելու կոչ, նոր հաղթանակների ու վերածննդի սպասում, հույս, հավատ ու վճռականություն։
Շնորհավո՛ր եռատոն և հավե՜րժ փառք Հայրենական Մեծ պատերազմի մասնակից մեր պապերին, Արցախյան առաջին պատերազմին և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին, Ապրիլյան քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի մասնակից մեր եղբայրներին ու զավակներին։
Հավե՜րժ փառք ու խոնարհում հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր անմահ հերոսներին։