Ադրբեջանցիները փորձել են կոտրել Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Թվիթերի իր էջում գրառում էր կատարել՝ անընդունելի համարելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- գրել էր Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահի այս գրառումը բավական ծանր են տարել Բաքվում: Մասնավորաբար, հայտարարություն է տարածել այդ երկրի Միլլի մեջլիսը՝ նշելով. «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սոցիալական ցանցերում՝ Լաչին-Ստեփանակերտի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ, անընդունելի են։ Սա Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը»։
Ըստ արդբեջանցիների, Լաչինի ճանապարհի անօրինական նպատակներով համակարգված և լայնածավալ օգտագործումը կանխելը և սահմանի անվտանգության ապահովումը Ադրբեջանի կառավարության օրինական իրավունքն է։
Հավելենք նաև, որ Ալեն Սիմոնյանի վերոնշյալ գրառումից հետո ադրբեջանցիները ինտենսիվ հաքերային հարձակում են կազմակերպել ՀՀ ԱԺ նախագահի թվիթերյան էջի վրա: Ավելին, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, էջը մի կարճ ժամանակ նույնիսկ չի գործել, սակայն խնդիրը կարգավորվել է նվազագույն ժամանակահատվածում, և Ալեն Սիմոնյանի էջը սկսել է նորից նորմալ գործել: