Մենք այլևս իրավունք չունենք մեր հաջորդ սերունդներին փոխանցելու հերթական «պատմական հայրենիքը». Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Այս փուլում մեզ համար առաջնային էր ևս մեկ անգամ արթնացնել ու վեր հանել Արցախյան շարժման բացառիկ լինելու հանգամանքը, որովհետև այդ շարժումը մեր պատմության եթե ոչ ամենակարևոր, ապա կարևորագույն էջերից մեկն է, որի վրա խարսխված են մեր բոլոր հաղթանակները։
Արցախն այսօր ու այս պահին ավելի մեծ ու ուժեղ պայքարի կարիք ունի, և Արցախը, իսկապես, պայքարում է։ Վստահ եմ, որ մեր նոր սերունդը, մրցույթին մասնակցած երիտասարդները ևս կստանձնեն այն առաքելությունը, որը եղել է 88-ին, նույն ոգով ու կամքով կշարունակեն պայքարը հանուն Արցախի հայկական լինելու և ապրելու։
Մենք այլևս իրավունք չունենք մեր հաջորդ սերունդներին փոխանցելու հերթական «պատմական հայրենիքը». մենք պետք է փոխանցենք ուժեղ Հայաստան, ուժեղ պետականություն և վերականգնված արժանապատվություն։