Քուվեյթում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց
Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում բացման ելույթներ ունեցան վարժարանի տնօրենը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «Արմաթ» կրթական ծրագրի տասնամյակի ձեռքբերումները ներկայացրեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, ապա Քուվեյթի «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրին իրենց աշխատանքները։
Բացմանը ներկա էին Քուվեյթի պետական այրեր, ապագա գործընկերներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ, ինչպես նաև Քուվեյթի եկեղեցիների, մասնավոր դպրոցների և քոլեջների ներկայացուցիչներ։
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնական գործակալության (CAIT) գլխավոր տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ամար Ալհուսեյնու հետ։ Այնուհետև տեղի ունեցավ այց Քուվեյթի հայկական եկեղեցի։
Հիշեցնենք, որ հունվարի 29 - փետրվարի 2-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող պատվիրակությունն աշխատանքային այցով Քուվեյթում է։ Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը և SmartGateVC համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի և վերջինիս հնարավորությունների ճանաչելիությունը, ներկայացնել այն Քուվեյթի ոլորտային պետական գործակալություններին, ներկայացնել հայկական ընկերությունների (ներառյալ ստարտափների) հետ ներդրումային և համագործակցային հնարավորությունները, հաստատել կապեր ՏՏ մասնավոր ընկերությունների հետ, ինչպես նաև ներկա գտնվել Քուվեյթի ազգային վարժարանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացմանը։
Հունվարի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը և իր հնարավորությունները» թեմայի ներկայացումը Քուվեյթի մասնավոր ընկերությունների հետ հանդիպումների ընթացքում, որն ուղեկցվեց հարց ու պատասխանով։ Այնուհետև պատվիրակությանը մասնակցեց Քուվեյթում Հայաստանի դեսպանության ընդունելությանը։
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ հանդիպում Ազգային տեխնոլոգական ձեռնարկությունների ընկերության գործադիր տնօրեն պարոն Անաս Միրզայի հետ։
Հիշեցնենք, որ Քուվեյթում «Արմաթ» լաբորատորիան սկսել է իր աշխատանքները դեռ նախորդ տարվա աշնանը, սակայն բացման արարողությունը նշանակվել է հունվարի 31-ին՝ բոլոր հետաքրքրված կողմերին աշխատանոցի առաջին արդյունքները ներկայացնելու նպատակով։