Ի՞նչ է բացահայտել Արցախի ԱԱԾ-ն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:
Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես’ իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն’ ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:
Հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ԱՀ քաղաքացիներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին’ ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: