Եվրոպական արևային բումը կարելի է տեղայնացնել նաև Հայաստանում
2022 թվականին արևային էներգիան Եվրոպայում աճել է 47 տոկոսով 2021 թվականի համեմատությամբ՝ ավելանալով ռեկորդային 41.7 գեգավատով։
Այս քանակությունը բավարար է էներգիայով 12 .4 միլիոն տներ ապահովելու համար, այդ մասին ասվում «Solar Power Europe» կազմակերպության զեկույցում։ Ընդ որում նշվում է, որ Եվրամիության երկրների մեջ առաջատարը նոր հզորությունների ներդրման առումով Գերմանիան է, որին բաժին է հասնում ամբողջ թվից 8 գեգավատը։
Նրան հաջորդում են Իսպանիան, որտեղ արևային վահանակների տեղադրումը ընթացիկ տարվա սկզբից ավելացել է 55 տոկոսով։ Զգալի առաջընթաց են գրանցել նաև Լեհաստանը, Նիդեռլանդները, Ֆրանսիան։ Պորտուգալիայում, որը հայտնվել է վարկանիշի 6-րդ տեղում, 2022 թվականին արևային վահանակները 251 տոկոսով ավելի են տեղադրվել նախորդ տարվա համեմատությամբ։
Ընդհանուր առմամբ փորձագետները 5 առանցքային գործոններ են ընդգծում, որոնց օգնությամբ ԵՄ երկրները կարող են իրականացնել իրենց նպատակը, այն է Եվրամիության էներգետիկ աղբյուրների 45 տոկոսը ստանալ արևային էներգիայից։ Փորձագետները կոչ են անում ավելի շատ մասնագետների սովորեցնել արևային էներգիայի տեխնոլոգիաներին և նվազեցնել վարչական խոչընդոտները նոր վահանակների տեղադրման համար։
Այն, ինչ իրականացվում է Եվրոպայում օրինակելի է նաև Հայաստանի Հանապետության համար և վարչական խոչընդոտների նվազեցման, ավելի շատ մասնագետների ուսուցման, ինչպես նաև համապատասխան ոչ շատ մեծ ռեսուրսների ներգրավման միջոցով, Հայաստանում հնարավոր է արևային վահանակների տեղադրման բում ապահովել, մինչդեռ մեր երկրում այսօր կա ընդամենը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն՝ «Սոլարոնը», և առկա հզորությունները բավարար չեն արևային էներգիայում հեղափոխության մասին խոսելու համար։