Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Economy

«Սեփական ռեսուրսների շուրջ 34 տոկոսը պետք է 50 տոկոսի հասցնել. արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:

«Իսկ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում, ապա բարեկամ երկրներից էներգառեսուրսները շատ անվտանգ ճանապարհով և եղանակով պետք է բերել: Մեր սեփական ռեսուրսներն ընդամենը 33-34 տոկոս են կազմում: Մեր էներգետիկ անվտանգությունը շատ հարցերում կախված է ռուսական ատոմային էլեկտրակայանն անվտանգ շահագործելուց: Միաժամանակ, մեր էներգետիկ անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե մենք Ռուսաստանից գազը որքանով անվտանգ կստանանք, որն էլ հետո կօգտագործենք: Ինչ վերաբերում է մեր սեփական հիդրոռեսուրսներին, նաև արևին՝ վերոնշյալ 33-34 տոկոսին, այստեղ շատ հարցեր կան. այդ 33-34 տոկոսը գոնե պետք է հասցնենք 50 տոկոսի, ամբողջ նպատակը հենց դա պետք է լինի: Դրա համար պետք է կարողանանք նախ ապահովել մեր հիդրոռեսուրսների՝ ՀԷԿ-երի անվտանգ և շահավետ աշխատանքը, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երինը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում: Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:

Շեշտելով մեկ այլ՝ 200 մեգավատ հզորության արևային կայանի ծրագրի մասին, որի վերաբերյալ արաբական ընկերության հետ պայմանագիր է կնքվել, մեր զրուցակիցը նշեց, որ այդ կայանի շինարարությունը դեռ չի սկսվել. «Այսօրվա կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը 5 հատ 200 մեգավատանոց արևային կայաններ կառուցելու դրույթ կա: Երկուսը միասին՝ 400 է լինելու. սա համարյա հավասար է Մեծամորում այսօր աշխատող մեկ ատոմային բլոկի հզորությանը: Այսինքն, եթե անգամ միայն երկու արևակայան կառուցենք, դա արդեն մեկ ատոմակայանի չափ է: Իսկ եթե մինչև 2030 թվականը ևս երեքը կառուցենք, դա հսկայական մեծ ծավալ է: Մեր օրենսդրության պահանջով մենք պետք է աշխատենք մեր սեփական էներգառեսուրսներն ամենամեծ տոկոսով օգտագործելու ուղղությամբ: Եթե վերոնշյալն իրականություն դառնա, դա օրենքի պահանջին համահունչ կլինի:Էլ չեմ ասում քամու էլեկտրակայաններ կառուցելու մասին: Մեր էներգահամակարգի զարգացման ծրագիրը լավ կետեր ունի, թեպետ ընդհանուր ծրագիրը քննադատել եմ, ինչն այլ խոսակցության թեմա է»:

Էդվարդ Արզումանյանի կարծիքով, եթե վերոնշյալն իրականանա, ապա առկա բացերը կարող ենք լրացնել արևային, ինչպես նաև քամու էներգիայի միջոցով: «Հիմա ամբողջ աշխարհում այդ միտումը կա, և մենք ևս այդ ռեսուրսն ունենք: Եթե իմ նշած ուղղությամբ առաջ շարժվենք, մեզ մոտ արտադրված սեփական էլեկտրաէներգիայի քանակն այսօրվա 33 տոկոսից կարող ենք մինչև 50 տոկոսի հասցնել: Սեփական էներգառեսուրսների մաքսիմում օգտագործման թեզի հետ մեկտեղ, պետք է շատ-շատ մեծ ուշադրություն դարձվի էներգախնայողության վրա: Մենք պետք է այնպես անենք, որ և՛ բնակչության, և՛ ձեռնարկատերերի կողմից գործարաններում և այլ տեղերում էներգիայի օգտագործման արդյունավետությունը, որքան հնարավոր է, բարձրացվի: Դրա շնորհիվ կկարողանանք բարձրացնել մեր էներգետիկ անվտանգության մակարդակը: Ընդհանուր առմամբ, երկու կարևոր բաղադրիչ կա՝ վերականգնվող էներգիա և էներգախնայողություն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արևային վահանակներ արտադրող «Solaron» ընկերության մարքեթինգի ղեկավար Հայկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում արևային էներգիայի զարգացման խթանման տեսանկյունից կարևորեց դեռ 2017-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը: «Մեզ մոտ օրենքից է բխում զարգացումը: Այս տարվա ընթացքում՝ մայիսին, եղավ օրենքի փոփոխություն՝ կապված արևային կայանների հետ: Բիզնեսի համար մաքսիմալ թույլատրելի 500 կՎտ-ի շեմ գոյություն ուներ, որը փոքրացվեց ու դարձավ 150 կՎտ: Այն վատ իմաստով ազդեց ամբողջ շուկայի վրա: Այդ օրենքի փոփոխությանը որոշակի շուկայական անկում հետևեց: Խնդիրն այն է, որ բոլոր արևային կայանները ցանցային են՝ ցանցի հետ սինխրոն են աշխատում: Վերջին շրջանում բիզնեսի հատվածում մեծ քանակությամբ արևային կայանների տեղադրման միտում կար: Խոսքը կես մեգավատ հզորություն ունեցող արևային կայանների մասին է: Սա իր հերթին ՀԷՑ-ի մոտ ենթակառուցվածքային խնդիրներ էր բերում, որի մասին ՀԷՑ-ը բարձրաձայնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Կա խնդիր, որն ազդում է ցանցի նորմալ աշխատանքի վրա: Հաշվի առնելով այն՝ հզորության թույլատրելի չափը փոքրացնելու՝ 150 կՎտ դարձնելու որոշում ընդունվեց, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին շրջանում արևային կայաններ տեղադրելու ցանկությունը մեծացել է: «Խոսքը վերաբերում է մասնավորապես ջեռուցմանը, քանի որ շատ քաղաքացիներ տարվա ընթացքում ավելի շատ գումար են ծախսում ոչ թե հոսանքի, այլ ջեռուցման վրա: Այդ պատճառով շատ մարդիկ ցանկություն են հայտնում հրաժարվել գազի ծախս ունենալուց, գազի միջոցով ջեռուցում իրականացնելուց, և ուզում են անցնել էլեկտրականի, փորձել էլեկտրական ծախսը փակել արևային կայաններով»,-նշեց Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս միտումը հատկապես Եվրոպայում է շատ տարածված, ինչի հետ կապված շուկայում նորամուծություններ կան. «Խոսքը շատ բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման համակարգերի մասին է: Այդ միտումը կա նաև Հայաստանում: Կազմակերպություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք ևս գազի ծախսից հրաժարվելու և բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման սարքավորումների անցնելու առաջարկ ունենք: Բոլորը գիտեն, որ հնարավոր է արևային կայան տեղադրել, ընդ որում՝ այն հզորությամբ, որ տարեկան ծախսը զրոյացվի: Հիմա մարդիկ գազից հրաժարվելու ցանկություն են հայտնում»:

Իսկ թե այլընտրանքային աղբյուրներ գտնելու տեսանկյունից արևային էներգիան որքանո՞վ կարող է մեզ մոտ առկա բացերը լրացնել, նա նկատեց. «Առհասարակ, արևային էներգիայի կիրառման արդիականությունը որոշվում է տվյալ երկրում գործող օրենսդրությամբ ու օրենքի շրջանակներում: Մենք ունենք 2017-ին ընդունված օրենք, որը շատ լավն է. այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ունենալ էժան, քիչ սպասարկում ու քիչ ծախս ենթադրող արևային կայան: Մեզ մոտ օրենքը հնարավորություն է տալիս, որ էլեկտրաէներգիայի պահուստն իրականացվի ՀԷՑ-ի միջոցով: Այսինքն, շատ էներգիա արտադրել ամռանը, փոխանցել ցանցին, որպեսզի ձմռան ամիսներին պահուստային էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն ունենաս: Արևային էներգետիկայի արդիականությունը օրենքն է որոշում:

Հիմա այդ օրենքի միջոցով մեզ մոտ արևային կայանների, արևային էներգիայի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ամեն տարի անգամներով մեծանում է: Բայց այդ ամբողջն օրենքի շրջանակներում է: Աշխարհում կան օրենքներ, երբ կարող ես ունենալ արևային կայան, բայց իրավունք չունես այն ցանցին միացնել, կամ արևային կայանը կարող ես միացնել ցանցին, բայց իրավունք չունես ցանցին հոսանք տալ: Այս հանգամանքներն արևային էներգիայից օգտվելու արդիականությունը մեծ հարցականի տակ են դնում: Մենք ունենք օրենք, որն արևային կայանների արդիականությունը մաքսիմումի է հասցրել: Ճիշտ է, անընդհատ փոփոխություններ են լինում օրենքում, վերջինը, ինչպես նշեցի, կապված էր բիզնես ոլորտի հետ, բայց սովորական քաղաքացիների համար օրենքը լավագույնն է աշխարհում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում