Կամավորականությունը պետք է դաստիարակության առաջնահերթություններից լինի երիտասարդության շրջանում․ Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող (տեսանյութ, լուսանկարներ)
«Սթրեսային վիճակ էր, շոկի մեջ էինք, բայց էմոցիաների ժամանակ չկար, պետք էր համակարգված աշխատել, օգնել մարդկանց»,- Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի երրորդ կուրսի ուսանող Սամվել Շամիրյանն է հիշում Սուրմալուի պայթյունի օրը։ Օգոստոսի 14-ին, երբ լսել են անսպասելի լուրը, Սամվելը, որպես համալսարանի պոլիտէկոնոմիայի խմբի ղեկավար, կազմակերպել է, որպեսզի կամավորական խմբով մեկնեն դեպքի վայր ու օգնություն ցույց տան։
«Հենց լսեցի լուրը՝ գրեցի մեր ուսխորհրդի նախագահին և ասացի՝ մի բան մտածենք, համալսարանի կամավորականներն էլ միացան մեզ։ Զանգահարեցինք նաև ԱԻՆ, որպեսզի հասկանանք՝ ինչ է հարկավոր առաջին օգնության համար, ինչ մեզ հետ տանենք»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սամվելը։
ԱԻՆ-ում զանգից մի փոքր զարմացել են ու նշել, որ Երևանի Պլեխանովի համալսարանն առաջինն է, որ արձագանքել է և պատրաստակամություն հայտնել կամավոր խումբ ստեղծելու ու փրկարարների կողքին լինելու համար։
15 կամավորական պլեխանովցիներով մեկնել են դեպքի վայր ու իրենց հետ տարել և ամեն օր ապահովել օգնության համար այն պարագաներով, որը անհրաժեշտ էր։ Ֆիզիկական օգնություն ևս ցուցաբերել են․ խմբերի են բաժանվել, փրկարարների հետ համագործակցել։
Պլեխանովի համալսարանի ուսանողները առաջին անգամը չէ, որ կամավորական օգնության էին մեկնել․ տարբեր իրավիճակներ շատ են եղել։
«Կարծում եմ՝ կամավորականությունը շատ կարևոր ուղղություն է, այն պետք է դաստիարակության առաջնահերթություններից լինի երիտասարդության շրջանում»,-ասում է Սամվելն ու վստահեցնում՝ պատրաստակամ են ցանկացած պահի կատարել իրենց առաքելությունը։