Աղավնոյի բնակիչների ունեցվածքի թալանի մասին լուրերն առանց փաստերի մերկապարանոց ստեր են. ԱՀ ԱԺ պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Կարեն Հովհաննիսյանը վերահաստատել է օգոստոսի 5-ին արված իր այն հայտարարությունը, ըստ որի ապատեղեկատվություն էր որակել Աղավնոյի բնակչության ունեցվածքի թալանի կամ ծառահատման դեպքերի վերաբերյալ սոցանցերում շրջանառվող տեղեկությունները :
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ հանդիսանալով բերձորցի, անձամբ օգոստոսի 2-ից եղել է Աղավնոյում և Բերձորում՝ փորձելով իր հնարավորություններով թեթևացնել տարհանվող բնակիչների հոգսերը:
«Ես գտնվում էի Բերձորում, երբ տեղեկացա, որ սոցցանցերի որոշ օգտատերերի կողմից տեղեկություններ են տարածվում, թե Աղավնոյում ծառահատման և բնակիչների ունեցվածքի թալանի դեպքեր են գրանցվել: Լինելով նաև որպես ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ինձ համար տհաճ կլիներ, եթե նման երևույթների առումով բացթողում ունենաինք, նկատած չլինեինք, կամ , գոնե, համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը տեղեկացրած չլիներ:
Նույն օրը Բերձորից նորից վերադարձանք Աղավնո՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի, ու ոստիկանության շրջբաժնի պետի հետ: Համայնքի ղեկավարի համար նույնպես անակնկալ էր թալանի կամ ծառահատման դեպքերի մասին շրջանառվող այդ լուրը: Նա հայտնեց, որ խոսակցություններից մեկի ժամանակ պարզապես, ասել է, որ չի բացառում նման երևույթներ, եթե տարհանման կազմակերպման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չիրականացվեն: Մենք ևս մեկ անգամ շրջելով գյուղում նման դեպք չենք նկատել»,-մանրամասնել է Կ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում Աղավնոյում թալանի կամ ծառահատման դեպքերի վերաբերյալ լուրեր տարածողները եթե ունեն փաստեր, ապա կարող են ներկայացնել, հակառակ դեպքում՝ դրանք մերկապարանոց սուտ են հանդիսանում: