Վաշինգտոնը շտապել է վստահեցնել, որ Մերձավոր Արեւելքից չի հեռանա
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցի մասին հայտարարության համատեքստում Վաշինգտոնը շտապել է հավաստիացնել, որ Միացյալ Նահանգները «ոչ մի տեղ չի գնա» Մերձավոր Արեւելքից, հայտնում է CNBC լրատվականը։
Եմենի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թիմ Լենդերկինգը նշել է, որ պետք է սպասել այլ համաշխարհային տերությունների դիվանագիտական այցերին տարածաշրջան՝ նշելով, որ Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանում՝ հուլիսին Բայդենի այցից հետո եւ գլխավոր ուղերձը այն է, որ Միացյալ Նահանգները ոչ մի տեղ չի գնում տարածաշրջանից:
Հիշեցնենք է, որ Չինաստանի առաջնորդը հաջորդ շաբաթ պետք է ժամանի Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ, քանի որ Պեկինը եւ Ռիադը ձգտում են ամրապնդել կապերը: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատել, ոչ հերքել է այս լուրերը։
Ակնկալվում է, որ Ցզինպինին Սաուդյան թագավորությունում կընդունեն ողջ շուքով, մինչդեռ Բայդենին շատ ավելի զուսպ ընդունելություն էր ցուցաբերվել:
Այնուամենայնիվ, Լենդերկինգը պնդել է, որ ԱՄՆ-ն կպահպանի «կենսական» ներկայությունը:
«Միացյալ Նահանգները կենսական գործընկեր է ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլեւ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի համար: Կարելի է հուսալ, որ ԱՄՆ-ը կմնա ազգերի եւ նրանց անվտանգության սյունը: Սա ամերիկյան առաջնահերթություն է»,- հավելել է նա։