Էրդողանը հատարարել է զեղչերի մասին` մեղմելու գնաճի հետեւանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տասնյակ հիմնական մթերքների զեղչերի մասին՝ մեղմելու գնաճի հետեւանքները՝ հավելելով, որ գները կճշգրտվեն նաեւ սուպերմարկետների ցանցերում, հայտնում է Duvar լրատվական կայքը:
Ընդհանուր առմամբ 40 ապրանք, այդ թվում՝ շաքարավազ, բրինձ, բուսական յուղեր, լվացքի եւ սպասք լվանալու հեղուկ, լրջորեն կզեղչվեն, վստահեցրել է Էրդողանը։
«Որոշ սուպերմարկետների ցանցեր համապատասխանաբար կճշգրտեն իրենց գները»,- ասել է նա`խոսելով փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն երկուշաբթի օրվանից։
Թուրքիայում գնաճը հուլիսին հասել է վերջին 24 տարվա առավելագույն մակարդակին՝ գրանցելով 79,6 տոկոս աճ: Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ հուլիսին Թուրքիայում սպառողական ապրանքների գնաճը տարեկան կտրվածքով հասել է 93,6 տոկոսի, ինչը մոտ յոթ անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի միջինը։
Երկիրը ընկել է նոր տնտեսական ճգնաժամի մեջ, երբ Էրդողանը գրեթե մեկ տարի առաջ ձեռնարկել էր անսովոր տնտեսական քայլ՝ տոկոսադրույքները նվազեցնելով փորձելով նվազեցնել խրոնիկական բարձր գնաճը: Այս քայլի հետեւանքով լիրան արժեզրկվել է`մինչեւ տարեվերջին կորցրել իր արժեքի 44, իսկ այս տարի իր արժեքի մոտ 24 տոկոսը:
Անցյալ հոկտեմբերին Էրդողանը կարգադրել էր բացել եւս 1000 կոոպերատիվ սուպերմարկետներ ողջ երկրում՝ պարենային ապրանքների գների աճը զսպելու համար։
ENAG Inflation Research Group անկախ կազմակերպության տարածած տվյալների համաձայն՝ հուլիսին Թուրքիայում փաստացի գնաճը կազմել է 176,01 տոկոս:
Թուրքիայի բնակիչների ավելի քան 53տոկոսը ի վիճակի չէ վճարել իր ամենօրյա ծախսերը, իսկ 69,3-ը դժվարանում է վճարել սննդի համար, ասվում է Ստամբուլում գործող Յոնեյլեմ սոցիալական հետազոտությունների կենտրոնի կողմից այս ամսվա սկզբին հրապարակված հարցման մեջ։