Բայդենը կարող Է Սի Ցզինպինի հետ հանդիպել նոյեմբերին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ առաջին անձնական հանդիպումն անցկացնել նոյեմբերին, գրում է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
«Չինացի պաշտոնյաները պլանավորում են Սի Ցզինպինի այցը Հարավ-Արեւելյան Ասիա եւ նախագահ Բայդենի հետ հանդիպումը նոյեմբերին», - ասված է թերթի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դա կարող է լինել ՉԺՀ-ի ղեկավարի առաջին ուղեւորությունը գրեթե երեք տարվա ընթացքում եւ նրա առաջին հանդիպումը Բայդենի հետ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Սի Ցզինպինը կարող է այցելել G20-ի գագաթնաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին Բալիում, իսկ այնտեղից ուղեւորվել Բանգկոկ՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովին:
«Նախապատրաստության մի մասը, որը դեռեւս վաղ փուլում է եւ կարող է փոխվել, նախատեսում է Սի Ցզինպինի եւ Բայդենի միջեւ հնարավոր հանդիպման նախապատրաստումը երկու գագաթնաժողովներից մեկի շրջանակներում», - գրում է թերթը: