Ավտովթար՝ Արարատի մարզում․ 39–ամյա վարորդը Nissan Fuga-ով կողաշրջված հայտնվել է ջրատարում
Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 15:30–ի սահմաններում 39-ամյա Արկադի Ավետիսյանը իր վարած Nissan Fuga մակնիշի ավտոմեքենայով Դիտակ-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Դիտակ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել չշահագործվող ջրատարի մեջ:
Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ ուղղել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: