Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը սկսվել է ավելի վաղ եւ ցածր արդյունքներով
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, առայժմ հնձվում են գարու արտերը, եւ հնձված առաջին հեկտարներից ապահովվում է շատ ցածր բերքատվություն՝ 12-14 ցենտներ արդյունքով։
Վարչության պետի կարծիքով՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը հուլիս ամսվա չոր ու անբարենպաստ եղանակն է, որն ազդել է նաեւ խոտհարքերի եւ արոտների բնականոն աճի վրա։ Ընդ որում, նույն պատճառով մոտ երկու շաբաթ ավելի վաղ է սկսվել հացհունձը, քանի որ խաթարվել է հացահատիկի զարգացման եւ հասունացման պրոցեսը։
«Մինչեւ հունիսի վերջին օրերը ամեն ինչ լավ էր ընթանում, հողի մեջ կար բավարար խոնավություն, կար առատ բուսածածկույթ արտերում, արոտներում ու խոտհարքերում։ Սակայն ամբողջ հուլիսի ընթացքում այդպես էլ տեղումներ չունեցանք, հասկը շատ վաղ չորացավ՝ առանց բավարար չափով հասունանալու, հատիկը չհասցրեց լիարժեք լցվել, իսկ որոշ տեղերում էլ արտերը մարդիկ հնձում են որպես անասնակեր, քանի որ հասկի վրա գրեթե հատիկ չի ձեւավորվել։ Դրա համար տնտեսություններն ավելի վաղ սկսեցին հունձը, որպեսզի հասցնեն փրկել եղած բերքը։ Նմանապես շատ արագ չորանում է եղած խոտը, որը փրկելու համար պետք է արագացնել բերքահավաքը։ Ցորենի բերքահավաքն էլ շուտով կսկսվի, սակայն այդ ուղղությամբ էլ հուսադրող բան գրեթե չունենք»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։