Թուրքիան չգիտի ուկրաինական հացահատիկի «պլան Բ»-ի մասին. ԶԼՄ֊ներ
Թուրքիան չգիտի Ուկրաինայից հացահատիկ արտահանելու ԱՄՆ «պլան Բ»-ի մասին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ստամբուլի բանակցություններին ծանոթ աղբյուրը։ Նրա խոսքով՝ Ստամբուլի համաձայնագրերն ուժի մեջ են, դրանց շրջանակներում աշխատանքներ են տարվում։
«Կան պայմանավորվածություններ, կա համակարգող կենտրոն, բոլոր կողմերից կա ճգնաժամը կարգավորելու ցանկություն»,- ասել է աղբյուրը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ավելի վաղ CNN-ին ասել էր, որ ամերիկյան կողմը մշակում է Ուկրաինայից հացահատիկի արտահանման «պլան Բ»՝ Ստամբուլի համաձայնագիրը կատարելու Մոսկվայի պատրաստակամության հանդեպ անվստահության պատճառով։
Ըստ Փաուերի՝ «պլան Բ»-ն ներառում է ավտոմոբիլային, երկաթուղային և գետային ճանապարհով փոխադրումների կազմակերպումը։ Նախատեսվում է նաև Ուկրաինայի երկաթուղային համակարգերը «հարմարեցնել» եվրոպական երկաթուղային ստանդարտին։
Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը հուլիսի 22-ին համաձայնագիր են ստորագրել ուկրաինական արգելափակված նավահանգիստներից՝ Օդեսայից, Չորնոմորսկից և Յուժնիից հացահատիկի, այլ պարենային ապրանքների և պարարտանյութերի արտահանման մասին: