Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատում այս պահին խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 448 շահառու
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Այս մասին տեղեկությունը հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Վերջիններս շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։
Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Ընդգծվել է վերջիններիս համար հավասար հնարավորությունների և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։
Հիշեցնենք, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատում այս պահին խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 448 շահառու։ Վերջիններիս տրամադրվում է կացարան, հագուստ, առաջնային բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ ու վերականգնողական պարագաներ և այլ մասնագիտացված ծառայություններ: