Երբ կնվազի օդի ջերմաստիճանը
Հայաստանում մինչև հուլիսի 21-ը ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի:
«Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է:
Ավելին՝ այստեղ