ՀՀ-ում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում իրականացրել է 19 տրանսպորտային միջոցի կշռում։
Ինչպես հայտնում են Տեսչական մարմնից, տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում. «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշվում է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննա է։
2 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։