Գեղարքունիքում Գազելը բախվել է երկաթե արգելապատնեշներին, 80 մետր գլորվել, ընկել ձորը, կա վիրավոր
Հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գազել մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 80 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։