Անկարայի օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի հանդիսացող մանկաբույժի
Թուրքական իշխանություններն Անկարայի օդանավակայանում ձերբակալել են ՌԴ քաղաքացի հանդիսացող, մանկաբույժ Ելենա Գավրիլենկոյին, ով Թուրքիայի տարածքով ուզում էր թռչել Մոլդովա։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի ռուսական ստորաբաժանման փոխնախագահ Մելնիկովը։
Վերջինս նաև հայտնել է, որ ռուս մանկաբույժը եղել է իր մոլդովացի գործընկերոջ հետ և նրանք գնում էին մասնակցելու Քիշնևում կայանալիք բժշկական ցուցահանդեսին։
Թուրքիայի իշխանությունները բժիշկներին մեղադրում են միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեջ։
Իրավապաշտպանների խոսքով՝ ձերբակալվածները նույն օրը պետք է թռչեին Մոլդովա և Թուրքիայում ապրելու կամ աշխատելու մտադրություն չեն ունեցել։
Դեպքի առթիվ Մելնիկովը նամակ է հղել ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին՝ հիշեցնելով, որ ՌԴ քաղաքացիները Թուրքիայի տարածքում 60 օր առանց վիզայի ու այլ փաստաթղթերի և պայմանների մնալու իրավունք ունեն, որը սահմանված է նույն Թուրքիայի օրենսդրությամբ։