Առաջին Buissup Hackathon-ը՝ հուլիսի 9-10-ին. միջոցառումը կանցնի միաժամանակ 4 քաղաքում
Հուլիսի 9-10-ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup նախագծի շրջանակում կանցկացնի իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype): Hackathon-ը կանցնի միաժամանակ չորս քաղաքում՝ Երևանում, Կապանում, Գյումրիում և Վանաձորում:
Մասնակիցներն իրենք կարող են ընտրել մասնակցության քաղաքը։ Մասնակցել կարող են ինչպես իրենց գաղափարով անհատներ, որոնք ուզում են իրենց թիմ ներգրավել տարբեր ոլորտներից մասնագետների (ծրագրավորողների, մարկեթոլոգների, դիզայներների, ֆինանսիստների և այլն), այնպես էլ տարբեր ոլորտների մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ցանկանում են աշխատել որևէ գաղափար շուրջ։ Դիմել կարող են նաև արդեն ձևավորված թիմեր՝ իրենց նախագծով։
Միջոցառումը կմեկնարկի հուլիսի 9-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, իսկ կավարտվի ամսի 10-ին՝ ժամը 21:00-ին: Մրցույթի ավարտին լավագույնը ճանաչված թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու Buissup Global Forum 2022-ին՝ շրջանցելով հայտադիմումների փուլը և պայքարելու ներդրումների համար։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 1-ը ներառյալ:
Գրանցման հղում՝ https://armassociation.com/hy/event/hackathon