Կոտայքում քաղաքացիներն ինքնակամ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանություն
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբտեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օրերս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժիններում արձանագրվել է 9 դեպք։ Մասնավորապես, Հրազդանի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ինքնաձիգի, ատրճանակի, հրացանի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Կոտայքի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ու Չարենցավանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ երկու տղամարդ Չարենցավանի բաժնում հանձնել են թմբուկավոր ատրճանակներ։
Ոստիկանության Նաիրիի բաժնի սպասարկման տարածքում բացատրական աշխատանք են իրականացրել բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի համայնքային ոստիկաններն ու Կոտայքի մարզային վարչության ծառայողները. արձանագրվել են հակատանկային նռնականետի, պայթուցիչով նռնակի և այլ զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։