Եվրոխորհուրդն Ուկրաինային շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ
Եվրոխորհուրդն Ուկրաինային շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ միաձայն պաշտպանել են ԵՄ բոլոր առաջնորդները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրոպական խորհուրդը հենց նոր որոշում է կայացրել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին: Պատմական պահ է: Այսօր վճռական քայլ է դեպի ԵՄ ձեր ճանապարհին: Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ժողովուրդներին»,- գրել է նա։
Բացի այդ, ԵՄ առաջնորդները ճանաչել են Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ են թեկնածուի կարգավիճակ տալ հենց որ առաջնահերթ խնդիրները լուծվեն։
«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին: Պատմական պահ ԵՄ-Վրաստան հարաբերություններում. Վրաստանի ապագան կապված է ԵՄ-ի հետ»,- հավելել է Միշելը: