Թուրքիան կոնկրետ քայլեր է ակնկալում Շվեդիայից և Ֆինլանդիայից` ՆԱՏՕ-ին միանալու համար. Էրդողանի խոսնակ
Թուրքիան դեռ ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կոնկրետ քայլեր կձեռնարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Անկարայի պահանջների կատարման համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը։
«ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է: Սա (ազատ) ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն է, որ նրանք, ովքեր նոր անդամ կդառնան, պահպանեն սկզբունքները: Նրանք պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն մեր անվտանգության խնդիրները լուծելու համար»,- Էրդողանի ներկայացուցչին մեջբերում է Habertürk հեռուստաալիքը:
Քալինի խոսքով՝ Թուրքիան դիտարկում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ երկխոսությունը շարունակելու հնարավորությունը։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի պաշտոնյաները վաղը Բրյուսելում կհանդիպեն: