Զգուշացնում էինք, որ նրանք պայմանավորվել են երկիրը կտոր-կտոր հանձնել․ Սաղաթելյան
«Նախօրեին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած կարգավիճակ, որը կերաշխավորի արցահայության, ԼՂ հայության անվտանգությունը, մեզ համար ընդունելի է։ Մարդը բացահայտ հայտարարում է, որ դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- Դիմադրության շարժման երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով վարչապետ Փաշինյանի՝ աղմուկ հանած հերթական հայտարարության մասին։
Դրա պատասխանը, ինչպես նշեց Իշխան Սաղաթելյանը, այսօր հնչեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
«Եվ այսօր Ալիևը ի՞նչ է հայտարարել․ ասել է՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեմ պայմանավորվածություն, որ որևէ պարագայում չխոսվի Արցախի կարգավիճակի մասին։ Սա նրա մասին է, ինչի մասին մենք ամիսներ շարունակ ասում ենք։ Եվ ԱԺ այն նիստը, որից իշխանությունը փախավ, դրա պատասխանն այսօր տվեց Ալիևը»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց նաև, որ երկար ժամանակ զգուշացնում էին՝ Փաշինյանը երկիրը մաս-մաս հանձնելու շուրջ վաղուց պայմանավորվել է Ալիևի հետ։
«Երբ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու, դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ այդպես չէ։ Կարծում եմ՝ գոնե այսօրվանից հետո բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դեռ ջրբաժանի այդ հատվածում են, պետք է հասկանան, որ դավաճանի հետ հավասար պատասխանատվություն են կրելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։