Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը. Վուչիչ
Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ամեն օր տասնյակ նոր խնդիրներ են առաջանում, պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերից մենք այլևս չենք կարողանա ներկրել ռուսական նավթ: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը տարեկան 600 մլն դոլար է կորցնում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը։ Վուչիչը բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել դիմակայելու դժվար ձմռանը:
Սերբիայի նախագահը չի թաքցրել, որ մտահոգված է բնակչության շրջանում նկատվող եվրաթերահավատությամբ և Եվրոպային ինտեգրվելու՝ Բելգրադի քաղաքական կուրսի նկատմամբ կասկածների աճով:
Վուչիչը համոզված է, որ Սերբիան չի կարող առանց Եվրոպայի և եվրոպական ներդրումների, իսկ միակ ճիշտ ուղին Սերբիայի համար եվրոպականն է: Նա խորհուրդ է տվել հայրենակիցներին ռացիոնալ լինել և թույլ չտալ, որ զգացմունքները հաղթեն: