ՌԴ ԱԳՆ կայքում փոփոխություններ են կատարվել Լավրովի՝ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարությունում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում փոփոխություններ են կատարվել նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում՝ կապված Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Այժմ Լավրովի պատասխանը հրապարակվել է հետևյալ կերպ. «Մենք ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը կօգնի բարձրացնել Բաքվի և Երևանի միջև վստահությունը և կանխել Փառուխի նման միջադեպերը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում»։
Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղից ադրբեջանական զինված ուժերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, ասել է. «Ռուս զինծառայողները, և դրա մասին շատ լավ գիտեն մեր հայ գործընկերները, այդ հարցը համարում են առաջնահերթ»։
Սերգեյ Լավրովի խոսքով, այնտեղ որոշակի արդյունքներ կան՝ իրադրության դեէսկալացիայի առումով։ «Մեզ մոտ ըմբռնում կա, որ դելիմիտացիայի ուղղությամբ սկսվող առարկայական աշխատանքների շրջանակում այդ հարցերը կդիտարկվեն ու անպայման կլուծվեն»,-ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։